Երբևիցե փորձե՞լ եք ձեր սեփական տանը ջրագիծ կամ կոյուղի անցկացնել: Ո՞չ:

Ու հարկավոր էլ չէ, քանի որ ձեր այդ ձեռնարկը կարող է իսկական պատուհասի վերածվել ձեր իսկ գլխին: Ինչո՛ւ: Շատ պարզ պատճառով. ամիսներ առաջ Ռոբետ Նազարյանի կողմից ղեկավարվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել էր մի օրենք, որով արգելվել է քաղաքացիներին իբր ինքնագործունեությամբ զբաղվել, ու հիմա նույնիսկ կոյուղի կամ ջրագիծ կարող են անցկացնել բացառապես շինարարական կազմակերպություները: Ի դեպ' ժողովրդի շրջանում արդեն իսկ լսելի են բողոքներ' այս որոշման հետ կապված, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս, միայն նախագծային աշխատանքների վրա ծախսվող գումարներն այնքան ահռելի են, որ մարդն ավելի շուտ կհրաժարվի զուգարան գնալուց, քան, ասենք, կոյուղատար կքաշի:

Թե որն է նման անիմաստ կարգի սահմանումը Նազարյանի կողմից, այնքան էլ դժվար չէ կռահել. ըստ էության՝ գործ ունենք «պաս տալու» երևույթի հետ, երբ չինովնիկները, նախապես պայմանավորվելով համապատասխան ընկերությունների հետ, նրանց համար հավելյալ պատվերներ են ապահովում: Կներե՛ք, բայց ավելի խելքին մոտ պատասխան այս հարցին դժվար է գտնել: Լա՛վ, ինչպե՞ս կարելի է քաղաքացուն զրկել սեփական տարածքում, տանը կամ ասենք ամառանոցում սեփական ձեռքերով գործ անելու հաճույքից: Եթե խնդիրն իբր վերահսողություն սահմանելն էր, ապա կարելի էր ընդամենը հսկիչ մարմին ստեղծել, որն էլ կհետևեր, որպեսզի կամայական խախտումներ չգրանցվեին, այնինչ ակնհայտ է, որ մարդկանց ազատությունը սահմանափակելով ու շինարարական կազմակերպությունների «ջրաղացին ջուր լցնելով»' մարդկանց գրպանին է հարված հասցվում:

Կներե՛ք, բայց Ռոբերտ Նազարյանին դա հետաքրքրո՞ւմ է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ