Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նանման» ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու և «Շանթ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցերը:

 

Կարեն Կարապետյանին հետաքրքրեց արդյոք մոնիթորինգ իրականացվո՞ւմ է՝ պարզելու համար, թե տարբեր ժամանակահատվածներում կառավարության արտոնություններից օգտվող ընկերություններն ի՞նչ աշխատատեղեր են բացել:

 

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նման համակարգ գոյություն չունի՝ բացատրելով, որ ընկերությունում այցելությունը դիտվում է որպես միջամտություն նրանց աշխատանքին, դրա համար իրենք հարցումների միջոցով են փորձում տեղեկություն ստանալ:

 

Կարեն Կարապետյանին դուր չեկավ Մինասյանի պատասխանը և դիտողություն արեց.

«Պարոն Մինասյան, ես չեմ ասում՝ Դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել, ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքը իր գործառույթը կատարի ընդամենը: Այդ իսկ պատճառով կարող է իմ հանձնարարականը և դիմումը հնչի մի քիչ աբսուրդ, որովհետև ես ասում եմ այն, ինչ պետք է կատարի ՊԵԿ-ը: Ես չեմ ասում՝ գնանք բիզնեսից տեղեկանք ուզենք, ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք, հաշվետվության ձև արեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետին հետաքրքրեց նաև, թե ինչքան ժամանակ են ծախսում ընկերությունները՝ մինչև նման արտոնություն են ստանում, որին ի պատասխան՝ նախարարն ասաց՝ մոտ մեկ շաբաթ, Կարապետյանը նետեց. «Չեմ հավատում»:

 

Արծվիկ Մինասյանը հնարավորություն խնդրեց՝ լրացուցիչ այլ մանրամասներ տրամադրելու, որից Կարապետյանը կարծես զարմացած հարցրեց՝ «Չգիտե՞ք», Մինասյանն էլ արդարացավ, որ այս պահին չգիտի:

 

«Չգիտեք: Բա ինչո՞ւ պարոն Մինասյան: Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք բիզնեսի ձեռքը բռնած պետք է գնաք, որ բիզնեսը իրեն ապահով զգա»,- ասաց Կարապետյանը և հանձնարարեց, որ ՊԵԿ-ն ու Էկոնոմիկայի նախարարությունը միասին աշխատեն և այսուհետ ներկայացնեն, թե արտոնություններ տալը որքան ժամանակ է տևում: