Փետրվարի 21-ին, Վանաձորի բժշկական կենտրոնում մահացել է օրեր առաջ բոտուլիզմով թւնավորված, 92-ամյա Արեւ Ուլիբեկյանը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարտուն Մադոյանը, նշելով, որ մյուս երկու տուժածների՝ 70-ամյա Գրետա եւ 54-ամյա Վարսենիկ Ուլիբեկյաններին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երեւան:

Բժշկի փոխանցմամբ' երեկ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Գայանե Ուլիբեկյանը, ում վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրա մոտ եւս բոտուլիզմից թունավորման դեպք է արձանագրվել: «Գայանեն այս օրերին բուժում էր ստանում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոում, սակայն երեկ արդեն տեղափոխվել է մեզ մոտ, նա եւս այդ օրը մոր ու քույրերի հետ օգտագործել էր մոր՝ Արեւ Ուլիբեկյանի կողմից պահածոյացրած կարմիր պղպեղը»,-ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, փետրվարի 20-ին, բոտուլիզմով թունավորման հերթական դեպքն է գրանցվել Վանաձորում: Վանաձոր քաղաքի երեք բնակչուհիներ 54-ամյա Վարսենիկ, 60-ամյա Գրետա եւ 92-ամյա Արեւ Ուլիբեկյանները բոտուլիզմ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ, ռեանիմատոր Ալվարդ Հայրապետյանը հայտնել է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության մեքենայով՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ տուժածների պատմածի, նրանք՝ Գրետա եւ Վարսենիկ Ուլիբեկյանները փետրվարի 18-ին այցելել են իրենց մոր՝ Արեւ Ուլիբեկյանի տուն եւ այնտեղ կերել են մոր կողմից տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղը:

Օգտագործելու օրը նրանց վիճակը լավ է եղել, նրանց ինքնազգացողութունը վատացել է երեկ, փորձել են տնային միջոցներով կարգավորել ինքնազգացողությունը, սակայն երբ այսօր արդեն վիճակները եղել է բավականին ծանր, ահազանգել են շտապօգնություն եւ անմիջապես տեղավորվել վերակենդանացման բաժանմունք: Ժամը 19:00-ի դրությամբ Վարսենիկ եւ Արեւ Ուլիբեկյանների վիճակը գնահատվում էր ծանր, իսկ Գետա Ուլիբեկյանինը՝ ծայրահեղ ծանր:

Վանաձորի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ, ռեանիմատոր Ալվարդ Հայրապետյանը մեզ հետ զրույցում մեկ անգամ եւս հասարակությանը հորդորեց զերծ մնալ տնային պայմաններում պայմաններում պահածոացված սննդամթերքներից:

Լուսանկարը՝ԷդվարդԱրզումանյանի/NEWS.am