Հանրապետական սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանի կարծիքով երկրում փոփոխությունների իրականացումն անձերի փոփոխությամբ չէ պայմանավորված, բայց որ առաջիկայում ակնհայտ փոփոխությունների ականատեսն ենք լինելու, պատգամավորը դրանում վստահ է:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկության մասին լուրերին, պատգամավորը դրանք ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, և նշեց, որ մամուլով չի որոշվում մարզպետների հետագա աշխատանքը: Նա ընդգծեց, որ փոխվել է կառավարության ղեկավարը, հետևաբար նա ինքն է որոշում՜ ում հետ շարունակի իր հետագա աշխատանքը: «Կառավարության ղեկավարն ինքը կորոշի:
Այդ մասին ասել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ: Լրագրողի դիտարկմանը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում մարզպետի պաշտոնակատար Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ իր պաշտոնանկությանը հերթ չի հասնի, ի՞նչ է, խաղի կանոննե՞րն են փոխվել, որ այսօր նրա պաշտոնանկության հարցն է բարձրացվում, Ա. Կարապետյանն ավելացրեց, թե ինքն անձամբ այդպիսի բան չի լսել Սուրեն Խաչատրյանից:
Գորիսեցի պատգամավորը վստահեցնում է նաև, թե ինքը չի ստացել մարզպետ աշխատելու առաջարկ: Նա գտնում է նաև, որ մարզպետի աշխատանքով պետք էլ չէ այդքան գայթակղվել, մանավանդ որ դրված է նաև համայնքների խոշորացման խնդիրը:
«Մարզպետի աշխատանքը շատ ծանր ու պատասխանատու աշխատանք է, հատկապես նոր կառավարությունում: Այնպես որ, ես գայթակղված չեմ և անձամբ էլ խորհուրդ չեմ տա ուրիշներին:
Ճանաչելով Կարեն Կարապետյանին, ով շատ խստապահանջ է, այդ աշխատանքը պետք է կատարել շատ պատշաճ մակարդակով և ապահովել հանձնարարականը, ցուցանիշն ու արդյունքը»,-ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խստապահանջ չէր, Ա. Կարապետյանն ինքն իրեն ուղղեց. «Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ նույնն էր, բայց կարծես այդ աշխատաոճը դադարում է: Պետք է նոր ձևով մոտենալ, քանի որ մեզ նոր համակարգային փոփոխություններ են պետք:
Իրոք, մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, և ժամանակն է, որպեսզի շարքային քաղաքացին իր վրա զգա այդպիսի փոփոխությունները: Ամեն ինչ արվում է մեր կառավարության կողմից, որպեսզի այդ փոփոխությունները նաև քաղաքացիները զգան: Ինքս անձամբ հակված չեմ անձերի փոփոխությանը: Կարծում եմ, որ դրանք ևս պետք են, բայց այս պահին կարևորում եմ համակարգային փոփոխությունները»:
Արմինե Եփրեմյան