Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, համայնքի ղեկավար են ընտրում նաև Կոտայքի մարզի Արգել գյուղում:

Այստեղ գյուղապետի պաշտոնի համար պայքարում են գործող գյուղապետ ՀՀԿ-ական Մաթևոս Ավագյանը և անկուսակցական Աշոտ Նալբանդյանը, ով նախկինում 22 տարի աշխատել է ոստիկանության համակարգում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում 26/01 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Յուրի Ավագյանը ընտրությունների ընթացքը նորմալ որակեց:

 

11.30-ի դրությամբ չի նկատել ոչ մի կոպիտ խախտում:

 

«Այս պահի դրությամբ քվեարկությանը 1207 ընտրողից մասնակցել է 246 ընտրող: Ճիշտ է երբեմն անիմաստ թեմաներ լինում են, որ վստահված անձինք միմյանց հետ հակասության մեջ են մտնում, բայց հիմնականում նորմալ ընտրություններ են ընթանում»,- ասաց նա:

 

Նկատենք, որ Աշոտ Նալբանդյանի համակիրներից, ով նաև ավագանու ցուցակի մեջ էր, հերթով քաղաքացիներին բերում էր ընտրատեղամաս և սպասում մինչև դուրս գային քվեախցիկից: Այն բանից հետո, երբ դիտորդը արձանագրեց ուղղորդման փաստը վերջինս դուրս եկավ ընտրատեղամասից՝ գործը փոխանցելով մեկ այլ վստահված անձի:

 

Այս տեղամասում բավականին շատ են օգնության կարիք ունեցող քաղաքացիները, ժամը 11.30-ի դրությամբ արդեն 16 քաղաքացի ունեցել է տեսողության հետ կապված խնդիր:

 

Ընտրատեղամասից դուրս ընտրությունների ընթացքն անձամբ է վերահսկում թեկնածու Աշոտ Նալբանդյանը: