ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

 

Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով:

 

Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում:

 

Անցած օրերի ընթացքում հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում' <<ԴՇԿ>> տիպի գնդացիր, <<Սև նետ>> և <<Իստիգլալ>> դիպուկահար զինատեսակներ ու ՀԱՆ – 17 տիպի նռնականետ, այսօր տարածել է տեղեկություն առ այն, թե իբր հայկական կողմն առաջնագծում կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ապակայունացմանն ուղղված պարզամիտ քարոզչական հնարք: