ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո՝ մի հայտարարություն տարածեց՝ ավետելով, որ համապետական մակարդակում երկրորդն էր ՀՀԿ-ից հետո: Ժամանակին նման տեխնոլոգիա կիրառում էր Արտաշես Գեղամյանը ընդդիմությունում իր կուսակցության առաջատարությունը ընդգծելու համար: Նույն բանն անում է Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում՝ ուշագրավ է, որ սա մարտավարություն է, ինչը բնորոշ է ընդդիմադիր կոչված այն ուժերին, որոնք Բաղրամյան 26-ում «հաճախորդի» կարգավիճակ ունեն՝ «քաղաքական դհոլության» հեռանկարով:
Նմանատիպ մեսիջների հիմնական հասցեատերը ոչ թե ընտրողներն էին, այլ՝ Բաղրամյան 26-ը, որը տվյալ դեպքում պետք է գնահատի ՀՎԿ-ի կատարած աշխատանքը ՏԻՄ ընտրություններում՝ համապետականի համար նոր «առաջադրանք» ձևակերպելով:
Թերթերից մեկը տեղեկություն էր հրապարակել, թե Վանաձորի ավագանիում քաղաքապետի ընտրության ժամանակ հենց ՀՎԿ չորս անդամներն էին խախտել ընդդիմության միասնական հուշագիրը՝ քվեարկելով հանրապետական Մամիկոն Ասլանյանի օգտին և նպաստելով այս քաղաքում հանրապետական իշխանության վերարտադրությանը:
Թերթի լուրի իսկությունը հաստատել կամ հերքել չեմ կարող, սակայն ՀՎԿ նման վարքագիծը անտրամաբանական չէի համարի՝ հասկանալով, թե որն է Արթուր Բաղդասարյանի թիմի վարկանիշի կամ հաջողության բանաձևը ՏԻՄ ընտրություններում:
Միանգամից ասեմ, որ չեմ կիսում Վանաձորի ընդդիմադիր ավագանիների վրա իշխանության կողմից ճնշում բանեցնելու թեզը:
Իշխանությունները պարզապես հասկացրին, թե իրենց կողմից վերահսկվող ռեսուրսը երբ են տնօրինում և որ դեպքերում են այդ իրավունքը «մեծահոգաբար» փոխանցում այս կամ այն «ընդդիմադիր» ուժին:
Ասածս, ըստ էության, այն է, որ Գյումրիում և Վանաձորում ՀՎԿ-ի քվեների հիմքում ոչ թե Արթուր Բաղդասարյանի թիմի վարկանիշն է, այլ այն ռեսուրսի գործոնը, որ իշխանությունների թույլտվությամբ տնօրինել է ՀՎԿ-ն:
Բաղրամյան 26-ը քաղաքական «դաբրո» չտվեց, որ Գյումրու ընտրություններին առաջադրվի քաղաքի նախկին կրիմինալ ղեկավար Վարդան Ղուկասյանը, բայց չարգելեց, որ ընտրարշավում վերջինս կիսալեգալ աջակցի ՀՎԿ-ին:
Վանաձորում ձայներ հավաքեց ոչ թե Արթուր Բաղդասարյանը, այլ՝ կրիմինալ հակումներ ունեցող Արկադի Փելեշյանը, ով քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հետ և չի բացառվում, որ խաղի մեջ էր մտել հենց ընդդիմության ձայները փոշիացնելու նպատակով: Ասել կուզի, որ թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում ՀՎԿ-ին «արտոնվել էր» հաջողություն արձանագրել գուցե ընդդիմադիր դաշտում իր ազդեցիկությունն արձանագրելու համար, սակայն դա բնավ չի նշանակում , թե ՀՎԿ-ն ինքնուրույն է իր քաղաքականությունը որոշելու հարցում:
Նրան միշտ կարող են հիշեցնել, թե ովքեր են «բարձր տոկոսների» հետևում: Այս համատեքստում Վանաձորի քաղաքապետի ընտրություններում տեղի ունեցածը կանխատեսելի էր:
Սարգիս Հակոբյան