Գրող, հրապարակախոս, ՀՀ Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կդառնար 70 տարեկան:
Լևոն Անանյանը ծնվել է 1946 թվականին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։
1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ կյանքի վերջ նախագահել է այն։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է եղել 2002- 2013 թթ.։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։
Լևոն Անանյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում: