ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն այս անգամ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, ում հետ խոսել ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններից, Ալեքսանդր Արզումանյանի հետ տարաձայնություններից ու գալիք փոփոխություններից:
- Խորհրդարանական ընտրություններն արդեն սարերի հետևում չեն: Այս ընթացքում ձևավորվում են նոր ուժեր, նոր խմորումներ են տեղի ունենում, ընտրացուցակներն են թարմացվում: «Ազատ Դեմոկրատներ»-ի ցուցակն արդեն պատրա՞ստ է խորհրդարանական ընտրություններին, հայտնի՞ է՝ ովքեր են ընդգրկվելու այդ ցուցակում:
- Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել, և հիմա էլ կողմնակից ենք զուտ գաղափարական հենքի վրա հիմնված համախմբմանը: Այնտեղ կարող են լինել քաղաքական ուժեր, անհատներ ու նոր դեմքեր, այդ թվում նաև հասարակական գործիչներ, ովքեր ազատական են իրենց գաղափարներում և որդեգրել են արևմտյան արժեհամակարգի գիծը, այսինքն՝ դեմոկրատական-ժողովրդավարական արժեհամակարգը՝ խարսխված այդ ուղղության քաղաքականության վրա: Ինչո՞ւ ոչ, նաև այն քաղաքական գործիչներին ու անհատներին, ովքեր քաղաքական այդ մշակույթի կողմնակիցն են:
Պարզ է, որ այս ընթացքում խմորումներ լինում են, ավելին՝ կա նաև բանակցային գործընթաց տարբեր ուժերի ու անհատների հետ: Մենք բազմիցս նշել ենք, որ պետք է գնանք հստակ մեր ցուցակով, որը որպես հարթակ կծառայի այն մարդկանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն միանալ մեզ և միասնական ցուցակով ներկայանալ՝ հաշվի առնելով նաև ռեսուրսների այն վիճակը, որը կա ընդդիմադիր դաշտում:
- Այս ընթացքում մամուլում շրջանառվում էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի անունը: Խոսակցություններ կան, որ նրան առաջարկել եք միանալ Ձեզ: Նրա հետ բանակցություններ ընթանո՞ւմ են այս պահին:
- Բնականաբար Հրանտ Բագրատյանի հետ մենք ամենօրյա շփումների մեջ ենք: Եվ ոչ միայն այսօր, այլև նախկինում ևս եղել է այդ շփումը: Եվ քանի դեռ բանակցային գործընթացը շարունակվում է, ես անուններ առայժմ չեմ տա: Բայց ասեմ, որ մենք բանակցություններ ենք վարում նաև այլ հայտնի քաղաքական ուժերի ու գործիչների հետ: Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում այդ անունները հայտնի կդառնան: Մենք պարտավոր ենք դա անել, որովհետև ինչպես դուք ասացիք, ընտրությունները սարերի հետևում չեն: Մենք հասարակությանը կներկայացնենք, թե ինչ ցուցակով ենք ներկայանալու, ինչ կազմով ու թիմով: Հավատացնում եմ Ձեզ, որ այդ ցուցակում նոր մարդիկ շատ կլինեն: Մեր ցուցակը գուցե շատ շատերի համար անակնկալ լինի, քանի որ կան մադիկ, ովքեր հանրության շրջանում այդքան էլ հայտնի չեն, բայց պակաս կարևոր չեն, ու մեր մշակույթի հետևորդն են:
Մենք միշտ էլ կողմնակիցն ենք եղել նոր դեմքեր քաղաքական դաշտ բերելու մոտեցմանը: Այսօրվա իրավիճակում, այս ուռճացած ու լճացած քաղաքական դաշտում, կարծրացած քաղաքական գաղափարների ու մոտեցումների դեմ լավագույն դեղամիջոցը նոր գաղափարներն ու նոր դեմքերն են:
- Այսօր հաճախ ենք խոսում սերնդափոխության մասին, Դուք էլ ընդգծեցիք, որ այսօր դա անհրաժեշտություն է, սակայն քաղաքական դաշտի հնաբնակները, կարծես թե, դա թույլ չեն տալիս. Խորհրդարանն՝ ընտրությունից ընտրություն ներկայանում է հին կազմով: Ի՞նչ եք կարծում, այս անգամ Ձեզ կհաջողվի նոր դեմքեր բերել Խորհրադարան:
- Ավելին, քան վստահ եմ: Երբ բանակցություններն ավարտվեն, դուք կտեսնեք, թե նույն մեր կուսակցության վարչության կազմում ինչ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Դուք կտեսնեք նոր դեմքեր, այդ թվում՝ երիտասարդներ: Կան մարդիկ, ովքեր հանրությանն հայտնի դարձան հենց կուսակցական գործունեության ընթացքում: Անուններ նորից չեմ տալիս, և պարկեշտ չեմ համարում կուսակցության վարչության մյուս անդամներին նեղացնել: Ես կարծում եմ՝ ընտրական ցուցակում ընդգրկվելը զուտ հնարավորություններից է բխում: Բացի այս կարծում եմ, որ հատկապես մեր հարթակը պարտավոր է լինել այն տեղը, որտեղ պետք է իրենց դրսևորեն երիտասարդները, ինչու ոչ նաև այն քաղաքացիներն, ովքեր ունեն նոր գաղափարներ ու մոտեցումներ: Նրանք քաղաքական դաշտում հենց այդ հարթակով պետք է իրացվեն, այլապես մեր գործունեությունն իր նպատակին չի ծառայի:
- Պարոն Քոքոբելյան, ասում են «Ազատ Դեմոկրատներ»-ից նեղացած է նաև կուսակցության նախկին փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը. ինչն է պատճառը, որ, պատկերավոր ասած, Ձեր ջրերը մի առվով չեն հոսում:
- Շատ անկեղծ եմ ասում, որ իմ ու Ալեքսանդր Արզումանյանի միջև որևէ խնդիր չկա: Ալեքսանդր Արզումանյանն ինձ համար ինչպես ընկեր է, այնպես էլ՝ գործընկեր: Մենք ունենք ընդհանուր մոտեցումներ, հեռու ենք միջանձնային հարաբերություններից ու որևէ մեկը երբևէ ականատես չի լինելու մեր խնդիրներին: Ես երբեք հաշվի չեմ առնում անձնական հարաբերությունները գործնականում: Իսկ իմ և Ալեքսանդր Արզումանյանի միջև նաև շատ լավ անձնական հարաբերություններ են ձևավորված:
- Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր ցուցակում նա ևս տեղ գտնի:
- Նորից եմ կրկնում՝ անձերի մասին այս պահին խոսելը տեղին չեմ համարում:
Արմինե Եփրեմյան