Արդյոք ովքե՞ր են…
Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց՝ օրենքներ են ընդունում ու մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…
Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին. մեկ էլ տեսար՝ վերընտրվեց, մեկ էլ տեսար…
Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչեւ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ մեկ առ մեկ ներկայացնելով նրանց անցած ուղին:
ԼՈւՐԵՐ.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը անկուսակցական, անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանն է:
Ծնվել է 1983թ. ապրիլի 26-ին, Ալդան քաղաքում (Յակուտիայի մարզ, ՌԴ):
2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2007թ. ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտը:
Լեռնային ճարտարագետ:
2011թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան:
2006-2009թթ. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում տեսուչ է աշխատել: 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա՝ փոխտնօրեն:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:
Հակիրճ է պատգամավորի մասին տեղեկատվությունը, հակիրճ է նաեւ նրա մասին գրվելիքը:
Նախ՝ տարիների պատգամավորական աշխատանքային գործունեության մասին. խիստ իշխանամետ, որը չի փայլում իր օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներով և հարցադրումներով:
Parliamentmonitoring.am կայքի տվյալներով՝ մինչ օրս պատգամավորը տվել է 0 հարց, ունեցել 0 ելույթ: Փոխարենը՝ շատ ակտիվ քվեարկել է: Հիմնականում՝ կողմ: 760 անգամ: Դեմ է քվեարկել 9 անգամ, ձեռնպահ մնացել՝ 8 անգամ: Նիստերին չի մասնակցել 72 անգամ:
Տիպիկ իշխանական պատգամավորի պահվածք, որ խորհրդարանում է հայտնվել ՕԵԿ-ի ցուցակով և աներոջ շնորհիվ:
Նա «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «շինանյութի Սերոժի» փեսան է: ՕԵԿ-ի կողմից առաջադրվել էր Գեղարքունիքի թիվ 23 ընտրատարածքում՝ 29 տարեկան հասակում, երբ դեռ ԵՊՀ քաղաքագիտության հեռակա բաժնի ուսանող էր:
4 տարի առաջ ակտիվորեն շրջանառվեցին լուրեր, որ աներոջ ցանկությունն է՝ փեասյին տեսնել խորհրդարանում, և գործը գլուխ բերելու համար շատերին են մեծ փողեր խոստացել:
Իհարկե, Բոթոյանը լուրերը հերքեց՝ նշելով, որ իրեն բացառապես ՕԵԿ-ն է սատարում ու առաջ տանում ՝ իր նվիրված աշխատանքի շնորհիվ: 2012-ին նա 5 տարվա կուսակցական էր:
ՕԵԿ-Բոթոյան խորհրդարանական սերը, սակայն, երկար չտևեց՝ 2 տարի և մի քանի օր:
2014թ.-ի մայիսի 22-ին Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ՕԵԿ-ից՝ կողմ քվեարկելով Կառավարության ծրագրին:
Հաջորդ օրը, սակայն, ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ Բոթոյանը ոչ թե հեռացել է, այլ՝ հեռացվել:
Հայտնի իշխանամետ, սակայն այդ տարի ընդդիմադիր ՕԵԿ-ն իր կազմում չէր ցանականում տեսնել մեկին, ով չէր հարում իրենց գաղափարներին, կողմ էր կառավարության ներկայացրած ծրագրին և գործարար էր:
Հատկապես վերջին կետը բազմիցս շահարկվեց: Նշվում էր, որ վարչապետի և ֆինանսների նախարարի կողմից ճնշումներ կան գործարարի վրա, սպառնում են խոչընդոտել հայտնի աներոջ գերծերին:
Բոթոյանը կրկին հերքեց աներոջ հետ կապված լուրերը, նշեց, որ հանդիպել է վարչապետին՝ իր աջակցությունը հայտնել և դառնում է անկախ պատգամավոր:
Անկախության վերջը, սակայն, շուտով կգա: Նրան կուսակցություն է պետք՝ 2017-ի ընտրություններին մասնակցելու համար:
Այն կա արդեն՝ ՀՀԿ: Երիտասարդ պատգամավորին հաճախ կարելի է հանդիպել ՀՀԿ նիստերի շտապելիս: Նա ինքն էլ չի բացառում, որ 2017-ի ընտրություններին հանդես կգա ՀՀԿ ցուցակով:
Անի Սահակյան