Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մասնաբաժինը հանրապետության ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է 5 տոկոս, մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը 1մլն 64 հազ․ 900 դրամ է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ.-ին կազմել է 31 մլրդ 728 մլն 800 հազ․ դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 136 հազ․ 900 դրամ։ Արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է: Կարեն Բոթոյանի խոսքով՝ մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016-ին մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 153 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 660 հազ․100 դրամ։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ կառավարություն է ներկայացվել 9 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 56 մլն 600 հազ․ դրամի չափով։ Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել 6-ը։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամ են ներկայացվել 33 ներդրումային ծրագրեր, որոնք դեռևս քննարկման փուլում են: Կարեն Բոթոյանը վստահեցրել է, որ նոր աշխատատեղերի ստեղծման հարցը գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում:
Մարզպետն ընդգծել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է նաև զբոսաշրջությունը: Նկատի ունենալով, որ դեպի մարզ զբոսաշրջային հոսքերը կրում են սեզոնային բնույթ, ինչի հետևանքով հատկապես ձմռան ամիսներին ակտիվությունն էական անկում է ապրում, մարզպետի կարծիքով, կարելի է ստեղծել ձմեռային հանգստի անհրաժեշտ գոտիներ, ինչպես նաև Սևանի ավազանը հագեցնել հայտնի սրճարանների և ժամանացի վայրերի ցանցով:
Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ բացառությամբ մարզի Արծվաշեն համայնքի, մնացած 91 համայքների ավագանիների կողմից հաստատվել են համայնքի զարգացման ծրագրերը: Բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային անձնագրերը։ Նա զեկուցել է նաև, որ 2017-2018 ուսումնական տարվա նախաշեմին լուրջ խնդիրներ չունեն: Միայն մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորելու են ավելի քան 27 հազ․ 800 աշակերտ:
Մարզի 91 համայնքում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 7 ամսվա կտրվածով կազմում է 88 տոկոս, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 44.7 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կատարողականն ավել է 12.8 տոկոսով:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզն այդ առումով ունի ամենացածր նշաձողը և ընդգծել, որ այստեղ առկա է հավաքագրումների կարգապահության խնդիր: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2017 թվականի համար մարզի համայնքների սեփական եկամուտների աճը նախատեսվում է 9 տոկոս, այն դեպքում, երբ մյուս մարզերում այդ թիվը տատանվում է 15-20 տոկոսի սահմաններում: «Մեր բոլոր համայնքապետերը պետք է հստակ իմանան, չի կարող լինել այնպես, որ հանրապետական բյուջեով եկամուտները հավաքագրվեն 100 տոկոսով և ըստ նախատեսվածի հատկացումներ կատարվեն համայնքներին, իսկ վերջիններս ինչպես ցանկանան հավաքագրեն, պլանավորեն», - նշել է Կարեն Կարապետյանը: