ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի վերջին կանգառը Երևանն էր, որտեղ երեկ նրանք հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահի, ԱԳ և ՊՆ նախարարների հետ: Այսօր արդեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն ամփոփել է տարածաշրջանային այցի արդյունքները, ըստ էության չարձանագրելով որևէ առաջընթաց:
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի լավատեսությունը, թե հնարավոր կլինի հասնել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև երրորդ հանդիպման կազմակերպմանն, ի չիք դարձավ և առավելագույնն, ինչին հասան համանախագահները, Նալբանդյան-Մամեդյարով հնարավոր հանդիպումն է, որը կարող է տեղի ունենալ Համբուրգում, դեկտեմբերի 8-ին և 9-ին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական հավաքի շրջանակներում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էական առաջընթացի չհասան, անգամ այն հարցերում, որոնք վերաբերվում են Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այդ թվում՝ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրմանը:
Այս համատեքստում իսկապես հասկանալի չէ, թե ինչը պետք է լինի Սարգսյան-Ալիև ենթադրյալ հանդիպման օրակարգը: Հատկապես այն պարագայում, որ ապրիլյան պատերազմն ավելի է կոշտացրել կողմերի դիրքորոշումները՝ կարգավորման հարցում:
Համանախագաներն ասում են, թե նոր առաջարկներ չունեն և բանակցային սեղանին են այն լուծումները, որոնք քննարկվել են տարիներ շարունակ: Այդ լուծումներն, անկախ փոփոխվող անուններից, ենթարկվում են նույն տրամաբանությանը, իրենց հիմքում ունենալով «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևը: Զուր է Ուորլիքը ոգևորվում, թե Ալիևը բանակցային օրակարգ է բերում ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, Արցախին առավելագույնը ինքնավար հանրապետության կարգավիճակ խոստանալով:
Ադրբեջանի ղեկավարը ոչ թե բանակցային միջավայր և քննարկումների դաշտ է ստեղծում, այլ՝ ԼՂՀ-ի համար անհեթեթ կարգավիճակ առաջարկելով՝ հող է նախապատրաստում իր հնարավոր ռազմական արկածախնդրության համար: Կարգավորման հին փաթեթն արդեն ակտուալ չէ նաև Երևանում. Հայաստանն ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում բանակցել «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում:
Եթե ամփոփենք պատկերը՝ համանախագահներն այս պահին չունեն նոր լուծումներ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տրամագծորեն հակադիր են բանակցային նոր օրակարգ ձևավորելու համար: Եթե չկա կարգավորման գործընթաց, և հակամարտության կողմերի մոտ գերիշխում է անտագոնիզմը, ապա մեծանում է պատերազմի վերսկսման վտանգը: Դիվերսիոն ներթափանցման փորձերը և ռուսական խաղաքարտն Ադրբեջանն ակտիվորեն խաղարկել է ապրիլյան պատերազմից առաջ: Անցած շաբաթ Բաքուն դարձյալ օգտագործեց այդ հնարքները: Եթե դիվերսիոն ներթափանցման փորձը հայկական զինուժի կողմից կանխվեց, ապա Ալիևը դեռ հույս ունի թարմացնել Մոսկվայի աջակցությունը:
Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը ոգևորված էր ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր կառուցողական դերի մասին Լավրովի հնչեցրած հայտարարությունից: Թեև այն ռեալիզացիայի շանս չունի և ավելի շատ դիվանագիտական ժեստ է՝ Անկարային:
Ալիևն իր վերջին հարցազրույցով ակնարկում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին, եթե ԼՂ հարցում ստանա Մոսկվայի աջակցությունը կամ թարմացվի այսպես կոչված՝ «Լավրովի պլանը»: Իհարկե, բոլորն են հասկանում, որ իրական օրակարգում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարց չկա: Մյուս կողմից՝ Ռուսաստանն այսօր չունի ռեսուրսներ ԼՂ հարցում միակողմանի լուծումներ պարտադրելու համար: Պատահական չէ, որ Ղարաբաղյան հակամարտությունն այսօր թերևս միակն է աշխարհում, որի կարգավորման միջնորդական ձևաչափում Վաշինգտոնն ու Մոսկվան ավելի շատ համագործակցում են, քան՝ հակադրվում:
ԱՄՆ-ը զբաղված է նախագահական ընտրություններով և իշխանության փոխանցման գործընթացով: Ռուսաստանը «մինչև ականջները» ներքաշված է սիրիական պատերազմում: Այս համատեքստում առաջիկայում դժվար է ակնկալել դիվանագիտական ակտիվություն ԼՂ խնդրում: Միով բանիվ՝ պատերազմի վտանգը ոչ միայն չեզոքացված չէ, այլ ավելի քան իրական է: Իլհամ Ալիևը նախաձեռնել է ընտանեկան բռնապետության հաստատման գործընթաց, որի քաղաքական լեգիտիմությունն, ըստ այդմ՝ նաեւ նրա իշխանության գոյությունը, վտանգված են առանց Ղարաբաղյան հարցում արձանագրված հաջողությունների:
Սարգիս Հակոբյան