Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտություն կա: Այս մասին հոկտեմբերի 27-ին BPA (Business Partners of Armenia) ընկերության «Welcome To Armenia 2016» հայաստանյան տուրիզմի համաժողովին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: Նրա խոսքով` Հայաստանում գործող տուրիստական ընկերությունները չեն միջազգայնացնում կրոնական տուրիզմի արտադրանքը: «Կրոնական տուրիզմի տեսանկյունից մենք մեր ունեցածը լավագույնս չենք սպառում: Կրոնի միջոցով, հոգեւոր մշակույթի միջոցով շատ ցավոտ հարցեր իրենց լուծումն են գտնում»,-ասաց նա:
Տեր Ասողիկը օրինակ բերեց Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը, որը հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր՝ նշելով, որ այդ տոնն արդեն երեք տարի է նշվում է, բայց ոչ մի կերպ այն չի միջազգայնացվում: «Մյուս բոլոր ուխտագնացությունների մեջ, սա եւս կարող է ուխտագնացության օր դառնալ»,-ասաց նա:
Տեր Ասողիկն ավարտեց ելույթը նշելով, որ մեր երկրի զբոսաշրջության ոլորտը այլ ժողովուրդնռրի համար գրավիչ է նաեւ կրոնական զբոսաշրջության տեսանկյունից: «Մենք բաց ենք բոլոր առաջարկությունների եւ տարբեր համագործակցությունների համար»,-հավելեց նա: