ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դեռ չի որոշել քաղաքական իր հետագա քայլերը, բայց, որ՝ առաջիկայում ևս զբաղվելու է քաղաքականությամբ, պատգմավորը չի հերքում: Ավելին, նա վստահ է, որ առաջիկայում ևս կհայտնվի խորհրդարանում, սակայն ինչ ձևաչափով կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, դեռ չգիտի. «Անկեղծ ասած՝ դեռ չեմ որոշել, բայց, իհարկե՝ կայացնելու եմ, գիտեմ որ լինելու եմ քաղաքականությունում, բայց ինչ մեխանիզմներով և հատկապես որտեղ, դեռևս չեմ որոշել»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով՝ ի՞նչ ձևաչափով եք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, հարցին:

 

Հիշեցնենք, որ մամուլը գրում էր, որ Ռուբեն Հակոբյանը մտադիր է իր քաղաքական ուղին շարունակել Հայ հեղափոխական դաշնակցության հետ: Պատճառը մամուլում տեղ գտած լուսանկարն էր, որտեղ պատգամավորը մտերմիկ զրույցի էր բռնկվել դաշնակցականների հետ: Իսկ բոլորովին վերջերս՝ Ռուբեն Հակոբյանին տեսել էին նաև ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանի հետ: Պատգամավորներին միասին ճաշելիս նկատել էին լրագրողները: Սա ևս տարբեր խոսակցությունների առիթ տվեց և ենթադրություններ հնչեցին, որ Ռուբեն Հակոբյանը մտադիր է իր համագործակցությունը շարունակել Ազատ դեմոկրատներից նեղացած Ալիկ Արզումանյանի հետ:

 

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ իսկապես ձեր համագործացությունը շարունակեք Ալեքսանդր Արզումանյանի հետ, պատգամավորը կրկին հստակ պատասխան չտվեց. «Ալիկ Արզումանյանի հետ մեր մարդկային հարաբերությունները բավականին լավ է ու շարունակվում է, բայց քաղաքական համագործակցության մասին կրկին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև մենք այդ թեմայով, կամ թիմային համագործակցության մասին երբե՛ք չենք խոսել»,- ասաց նա: