«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ զինվոր է մահացել:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում լրագրողն ասաց, որ երեկ գլխի վնասվածքով Նոր Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել զինվոր, որի կյանքը փրկել չի հաջողվել: 

 

«Ես հիվանդանոցում էի, հիվանդատես էի գնացել, երբ իմացա, որ նման բան է եղել: Այնտեղ պատմեցին, որ հարազատներն են եկել, մղկտում էին իրենց տղայի համար: Ասացին՝ դանակով գլխին են հարվածել: Զինվորը եղել է երկրորդ հարկի վերակենդանացման բաժանմունքում: Ուրիշ բան չգիտեմ, միայն այդքանը»,- ասաց լրագրողը:

 

Մեզ հետ զրույցում, սակայն, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ «նման բան չկա»: «Բանակում նման բան չի եղել: Լրագրողը կամ ինչ-որ բան սխալ է հասկացել, կամ ստում է»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը:

 

Հիշեցնենք, որ զինվորի մահվան լուրը  Facebook սոցցանցի իր էջում տարածել էր լրագրող Մհեր Ղալեչյանը: