Նրանք, ովքեր ուշադրությամբ հետևում են ներքաղաքական զարգացումներին, նկատած կլինեն, որ վերջին շրջանում բավական բուռն իրադարձությունների կիզակետում է հայտնվել հատկապես «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ, երբ միանգամայն կասկածելի պայմաններում հաղթանակ տարավ ՀՀԿ թեկնածուն: Որոշ չար լեզուներ պնդում էին, թե՝ իբր, ՀՀԿ թեկնածուի հաղթանակը հնարավոր էր դարձել՝ բացառապես շնորհիվ ՀՀԿ-ՀՎԿ ստվերային համագործակցության, իսկ աղմկահարույց դավաճանության մեջ կասկածվող 4 անձանցից 4-ն էլ, իբր, ՀՎԿ ներկայացուցիչներ են եղել:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 8-ին Արթուր Բաղդասարյանը քաղաքական համագործակցության մասին հայտարարություն է տարածել, որով քաղաքական համերաշխության կոչ է հնչեցնում ու խորհրդարանական ընտրություններից հետո իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու առաջարկ: Պետք է նկատել, որ սպասված պատասխանը չի ուշացել, ու Շարմազանովը, խոսելով Բաղդասարյանի հայտարարության մասին, շտապել էր բավական հետաքրքրական «մեսիջներով» հանդես գալ, որից պարզ է դառնում, որ, չնայած ՀՀԿ-ն դեռևս վաղ է համարում ապագա կոալիցիայի մասին խոսելը, քանի որ դեռևս պարզ չէ, թե որ ուժերին է հաջողվելու արժանանալ ժողովրդական վստահությանը, բայց սկզունքորեն չի բացառում նման համագործակցության հնարավորությունը: Ասել կուզի՝ Շարմազանովը հստակորեն ակնարկում է, որ համագործակցության դուռը թեպետ բաց է, բայց թե հատկապես ում բախտ կվիճակվի ՀՀԿ-ի գործընկերը դառնալ առաջիկայում, կախված է լինելու 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Ավելին՝ խոսելով նախընտրական կոալիցիա ստեղծելու հնարավորության մասին՝ Շարմազանովը դիվանագիտորեն նկատել է, որ թեպետ ոչինչ չի բացառում, բայց կոնկրետ պատասխան չի կարող տալ. ՀՀԿ-ն դեռ չի քննարկել, թե նախընտրական ինչ ձևաչափով պետք է մասնակցի ընտրություններին:

Բայց, ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ միշտ չէ, որ քննարկվող կամ բարձրաձայնվող թեմաները կարող են գլոբալ բնույթ կրել. հաճախ՝ փոքր խնդիրներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լինում ամենաբարձր մակարդակի քննարկումներ ու երկխոսություններ ծավալել. ՀՀԿ-ՀՎԿ հեռակա երկխոսությունն, այս առումով, որպես բավական խոսուն օրինակ կարելի է դիտարկել: Չնայած՝ համապատասխան ուղերձից կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը գնում է բացառապես ապագայում կոալիցիոն կառավարության կամ այլ մասշտաբային համագործակցության մասին, բայց խիստ խորաթափանց պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ ուղերձը շատ ավելի տեղային բնույթ է կրում, քան առաջին հայացքից կարող է թվալ: Բաղդասարյանն, ըստ էության, Վանաձորում ստեղծված փակուղային իրավիճակից սեփական ելքն է առաջարկում. սեղմել ՀՎԿ-ի ձեռքը, դարձնել նրան իշխանության մաս՝ փոխարենն առաջարկելով ավելորդ գլխացավանքից ազատում: Հաշվի առնելով, որ Վահրամ Բաղդասարյանին չափազանց կարճ ժամանակ է հատկացվել՝ Վանաձորում կնճռոտ խնդիրները լուծելու համար, ակնհայտ է, որ ՀՎԿ նախագահի առաջարկը կարող է բավական ձեռնտու տարբերակ դուրս գալ: Ավելին՝ նկատի ունենալով նաև այն, որ քաղաքականության մեջ, առհասարակ, պատահական ոչինչ չի լինում, չի բացառվում, որ Բաղդասարյանի ուղերձը նախօրոք պլանավորված ու վերևների հետ համաձայնեցված տեքստ է իրենից ներկայացնում, ֆորմալ մի ուղերձ, որը պարտադիր պայման էր ՀՀ երրորդ քաղաքում ՀՎԿ-ի դիրքերն էականորեն ամրապնդելու համար:

Իսկ հարցը, թե հատկապես ինչպե՞ս պատահեց, որ Վանաձորում ստեղծված կոլապսային իրավիճակից միակ ելքը դարձավ ՀՎԿ-ՀՀԿ համագործակցությունը, թողնում ենք յուրաքանչյուրի դատին. սա, թերևս, քաղաքական բացառիկ ճարպկության մի անօրինակ դրսևորում կարելի է համարել...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ