Գուցե վերնագիրը տարօրինակ թվա, բայց այս հարցադրումը ոչ միայն հռետորական չէ, այլ ձևավորվել է հանրապետական գործիչների հարցազրույցների արդյունքում։ Որպես կանոն՝ ավելի արժեքավոր են լինում ՀՀԿ այն գործիչների հարցազրույցները, որոնց հեղինակները զրոյական ինքնուրույնություն ունեն։ Բանն այն է, որ նրանք ոչինչ չեն ավելացնում կամ պակասեցնում և պիոներական ճշտապահությամբ՝ կատարում են շեֆի հանձնարարությունները։

 

Երբ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը խոսում է կուսակցությունում Սերժ Սարգսյանի բացարձակ լիդերության մասին՝ բացառելով ՀՀԿ լիդեր դառնալու Կարեն Կարապետյանի շանսը, ապա պետք է հասկանանք, որ այս պատգամավորի շուրթերով խոսում է հենց Սերժ Սարգսյանը, առնվազն՝ հանրապետական վերնախավը։

 

Նախագահական ընտրություններն անձնավորված են, ու՝ ոչ միայն Հայաստանում։

 

Այդպես է՝ նույնիսկ կատարյալ ժողովրդավարություն ունեցող ԱՄՆ-ում, որտեղ երեկ հաղթանակ տարավ ոչ թե հանրապետական կուսակցությունը, այլ՝ կոնկրետ անձն, ով պայքարում էր նաև իր կուսակցության էլիտայի դեմ։ Միանգամայն այլ է խորհրդարանական մոդելը, որում անձի դերը ստորադասվում է թիմի, կուսակցության գաղափարին։ Ենթադրվում է, որ թիմային հաջողությունը կուսակցության առաջնորդի համար ապահովում է երկրի ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը։ Ինչքան էլ ազդեցիկ լինի Անգելա Մերկելը, նա կացլերի պաշտոնը չի կարող զբաղեցնել, եթե կորցնի լիդերությունը հարազատ կուսակցությունում։

 

Կարեն Կարապետյանը գուցե բարեփոխական է, սակայն նրա վարչապետության երկարաժամկետությունը կարող է երաշխավորվել միայն այն դեպքում, եթե ֆորմալիզացվի գործող վարչապետի լիդերությունը ՀՀԿ-ում։ Այլ խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը 2018-ին հեռանա ոչ միայն հանրապետության, այլ նաև՝ ՀՀԿ նախագահի պաշտոնից։ Սա՛ է պահանջում խորհրդարանական կառավարման տրամաբանությունը։ Սակայն այս տարբերակին հակված չեն ո՛չ Սարգսյանը, և ո՛չ էլ ՀՀԿ վերնախավը։ Կարեն Կարապետյանը տեսականորեն կարող է հիմնել նոր կուսակցություն և ինքնուրույն հայտ ներկայացնել խորհրդարանական առաջիկա ընտրություններում, սակայն գործնականում դրա համար չունի ոչ կամք, ոչ էլ՝ ժամանակ և ռեսուրսներ։ Մեզ մնում է կռահել, թե ե՞րբ է հեռանալու Կարեն Կարապետյանը։

 

Սարգիս Հակոբյան