Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Նրան հրավիրել է հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանձնաժողովի փորձագետը հրավերը հանձնել է Կարապետյանի գրանցման հասցեով, տան աշխատակիցը գրավոր հավաստել է, որ ստացել է ու տեղեկացրել, որ նախկին վարչապետն այժմ Հայաստանում է։
Չնայած՝ հրավերի պաշտոնական պատասխանը դեռ պարզ չէ, այնուամենայնիվ, Քոչարյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովի՝ մայիսի 11-ի դռնփակ նիստին Կարապետյանը ներկա կգտնվի:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել: Հենց այս առիթով, մինչ այս՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Անդրանիկ Քոչարյանը Կարեն Կարապետյանին հրապարակավ հրավիրել էր քննիչ հանձնաժողով: Մեջբերում եմ՝ «Ես հենց հիմա հաղորդման ընթացքում հրավեր եմ ուղղում Կարեն Կարապետյանին, որ նա մասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Ես գիտեմ, որ ինքը գալու է Հայաստան և մասնակցի Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը: Թող գա քննիչ հանձնաժողով և հաստատի իր ասածները, որովհետև երեկ Լևոն Մնացականյանը մեզ հիմնավոր բացատրություններ է տվել այդ լուրերի տարածման և դրա հետևանքների մասին»: