«Միասնության» համազգային շարժմանն է միացել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Հասմիկ Շափաղաթյանն, ով իր խոսքում ևս կարևորեց շարժման գաղափարախոսությունն ու հետագա ընթացքը:
Իր խոսքում նա շեշտեց, որ միասնական այս նախաձեռնությամբ հայաստանյան քաղաքական դաշտը համալրվում է մի նոր, որակապես բարձր շարժումով, որտեղ բացառապես կարևորվում է երիտասարդների դերը: «Այսօր կայանում է իմ հասակակիցների և բոլոր այն հայ նվիրյալների երազանքը, որ վերջապես ՀՀ քաղաքական դաշտը պետք է զբաղեցնեն գրագետ, խելացի, ինովացիոն մտածելակերպով մարդիկ, ովքեր իսկապես ունեն ասելիք և ուզում են երկրում ինչ-որ բան փոխել, և դա անել ոչ թե քաղաքականության հաշվին գործելով, այլ` ապրելով քաղաքականության համար: Ստեղծվել է երիտասարդ համախոհների, գաղափարակիցների հզոր միասնական մի թիմ, որը ձեռնոց է նետում մի ողջ հասարակության՝ միասնաբար և գրագետ լուծելու մեր առջև ծառացած բոլոր խնդիրները»,- շեշտեց նա:
Նրա խոսքով՝ այսօր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք րոպե առաջ պահանջում են լուծում: «Այսօր տեղի է ունենում մի գործընթաց, որտեղ թարմացվում է մեր քաղաքական արյունը: Այսօր քաղաքական դաշտում պետք է լինեն այնպիսի ուժեր, որոնք իսկապես և ռեալ իրենց մեջ տեսնում են հաղթելու և հարթելու ներուժը և պատրաստ են գործի անցնել»,-ասաց նա:
Նա ընդգծեց նաև, որ աճող արտագաղթը, որն ահռելի թվերի է հասնում, պետք է կասեցնել: «Մեզ պետք են հայրենասեր մարդիկ, ովքեր իսկապես սիրում են մեր ազգը և պատրաստ են իրենց քայլերն ուղղել այդ խնդիրների լուծմանը»,- հավելեց նա:
Իր օրինակով՝ երիտասարդ դասախոսը կոչ արեց նաև մյուս կանանց ու աղջիկներին իրենց ներդրումն ունենալ այս ազգանվեր գործում: «Ովքեր իրենց մեջ տեսնում են այդ պոտենցիալը և զգում են, որ կարող են իրենց մասնակցությունն ունենալ, պետք է լինեն այս երիտասարդների կողքին: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում փորձը ցույց է տվել, որ կանանց տրված հնարավորությունները դարձել են անբավարար, թեև ունենք համապատասխան օրենսդրություն»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Հ. Շափաղաթյանը շեշտեց, որ միանալով այս շարժմանը, իր կյանքի կարևորագույն երկրորդ որոշումն է ընդունել, որի համար չի փոշմանել. «Ես իմ կյանքում երկու կարևոր որոշում եմ կայացրել, առաջինի դեպքում ունեցա լավ ընտանիք, երկրորդի դեպքում`վստահ եմ`կունենանք միասնական և հզոր հայրենիք»,- եզրափակեց նա: