«Ինչպե՞ս վերականգնել շարքային քաղաքացու վստահությունը» հարցն, անկասկած, այն գլխավոր հարցադրումն է, որ ներկայում ծառացել է ոչ միայն քաղաքական ուժերի առջև, այլև՝ բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն մտահոգված են Հայաստանի ճակատագրով: Չնայած՝ ոմանց կարող է այս հարցը մի փոքր շաբլոն թվալ, ծեծված, բայց փաստը մնում է փաստ, որ առանց այդ հասարակական վստահության, որևիցե դրական ակնկալիք, ապագայից որևիցե լուսավոր սպասելիք՝ չի կարող լինել:
Թե ինչպես պատահեց, որ այս տարիների ընթացքում քաղաքական ուժերը հասցրեցին լիակատար կերպով վարկաբեկել «քաղաքականություն» երևույթը, առանձնապես դժվար չէ կռահել. այդ անելու համար բավական է ընդամենը մի հետհայացք գցել քաղաքական ուժերի անցած ուղուն, որպեսզի վերջնականորեն պարզ դառնա, որ այն հիասթափությունը, որ ներկայում գերիշխող է հանրության շրջանում, միանգամայն արդարացված է, հիմնավոր. ամենուրեք միևնույն դեմքերն են, նույն կեղծ ժպիտները, դատարկ խոստումներն ու ճամարտակությունները:
2017-ի ապրիլին մնացել են հաշված ամիսներ, ու իշխանություններն ու «ընդդիմություն» կոչվածը սկսել են է՛լ ավելի արագացնել իրենց տեմպերը՝ դաշտում հարմարավետ դիրքավորվելու ու հնարավորինս մեծ վստահություն ներշնչելու հանրությանը՝ նպատակ ունենալով այս անգամ ևս ինչ-ինչ խորամանկությունների գնով «վաստակել» ընտրողների քվեներն ու սողոսկել հայրենի խորհդարան: Այս նպատակին ծառայեցվող գործիքակազմերը, չնչին բացառություններով, մնացել են նույնն, ու առանձնակի անկանխատեսելիություն կարծես չի նկատվում: Եվ իրոք, ինչ անկանխատեսելիության մասին կարող է խոսք լինել, երբ հասարակությունն այս երկարուձիգ տարիների ընթացքում հասցրել է «հաշվել բոլորի ատամներն» այն աստիճան, որ որևիցե անակնկալ ակնկալելը պարզ միամտություն կդիտարկվեր: Ասել կուզի՝ ժողովուրդն արդեն հոգնել է միևնույն դեմքերից, նրանց կողմից արհեստականորեն ծնունդ տված պրոցեսներից, դատրակ բառուբանից, ինչը, ցավոք, պետք է նկատել՝ բացասաբար է ազդել ոչ միայն այդ առանձին դեմքերի վարկանիշի վրա, այլև վարկաբեկել է դաշտն ու դրանում ընթացող պրոցեսներն՝ ընդհանրապես, ինչը, բնականաբար, չի կարող մտահոգիչ չհամարվել:
Բայց, որքան էլ կարող է խիստ լավատեսական հնչել, քաղաքական դաշտում նկատվող ոչ բոլոր երևույթներն են, որ կրում են բացառապես արհեստական բնույթ: Հասարակության այն առողջ հատվածը, որը դեռևս ընդունակ է մտածելու, սկիզբ է տվել մի գործընթացի, որը ոչ մի կերպ չի տեղավորվում այն համայնապատկերում, որ ներկայում իշխող է հայաստանյան քաղաքական դաշտում. մարդիկ սկսել են հասկանալ՝ միակ կերպը, որով հնարավոր է դառնալու, հակառակ ամեն ինչի, ոչ միայն ներազդելու կոնկրետ պրոցեսների վրա, այլև սկիզբ տալու միանգամայն առողջ գործընթացների, միասնությունն է, համախմբվածությունը, որոնց դեպքում միայն կարելի կլինի «ձեռնոց նետել» այն ամեն բացասականին, որ գերիշխող է դարձել մեզանում արդեն երկար տարիներ.«Միասնություն» շարժումն է հենց այն միակ պլատֆորմը, որը դուրս է գտնվում քաղաքական ուժերի մասին եղած համընդհանուր պատկերացումներից, որ որպես երկրում կուտակված հիմնախնդիրների լուծման հիմնական բանալի դիտարկում է սերնդափոխությունը:
«Իրենց դարն ապրած ու վարկաբեկված դեմքերն իրենց տեղը պետք է զիջեն նրանց, ովքեր երիտասարդ են, ավյունով լի ու ունեն հստակ ծրագիր՝ ինչպես պետք է Հայաստանը դուրս բերել ճահճից»: Թերևս, հենց հետևյալ կերպ կարելի է երկու խոսքով նկարագրել այն հիմնական ասելիքը, որ «Միասնություն»-ն ասպարեզ է իջեցնում ու համարում այն ելակետը, որից պետք է բխեն հետագա բոլոր գործողությունները: Եվ իրոք, երբ փորձում ես հասկանալ Հայաստանի դժբախտությունների բուն պատճառն ու արմատը, ակամա գիտակցում ես, որ բոլոր բացասական երևույթների հիմնական աղբյուրը, պատկերավոր ասած, ավագ սերնդի ներկայացուցիչների այն կարծրացած գործելաոճն է, որը 21-րդ դարում այլևս ժամանակավրեպ է դարձել ու չի կարող արդարացված համարվել. ի՞նչ է, ժողովուրդը կրա՞կն է ընկել մի քանի հնացած դեմքերի ձեռքը,…
Աներկբա է՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները շատերի համար միանգամայն անսպասելի են լինելու, ու ժողովուրդը վերջապես ապացուցելու է, թե ով է իրականում երկրի տերը, հայրենատերը. քաղաքական ուժերն ընդամենը ծառաներն են ժողովրդի, այլ ոչ թե հակառակը…