Irakan.info. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը այսօր այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
«Ցմահ ազատազրկված Ստեփանը, ով տասնյակ տարիներ բանտում է, ցանկացավ փոխանցել՝ «հատկապես ցմահ ազատազրկվածների դեպքում այսպես երկար շարունակվել չի կարող, և մի օր կարող է պայթել»», - այցից հետո, հանդիպելով լրագրողներին, ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ «պայթելը» կարող է լինել այնպես, ինչպես հունիսի 19-ին նույն կալանավայրում կախվելու միջոցով ինքնասպան եղավ ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանը: «Մարդիկ անտարբեր են ճաղերից այն կողմ գտնվողների հանդեպ, քանի որ մտածում են, թե իրենց դա չի սպառնում, բայց մանավանդ այսօր, նման արդարադատության պայմաններում, բոլորս էլ կարող ենք այնտեղ հայտնվել: Չի պայթի, եթե մտածենք այդ մասին»,- ասաց նա:
Նուբարաշեն ՔԿՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին ոմանք չեն կարողացել ողջունել, քանի որ իրենց քնելու հերթն է եղել. կալանավորները որոշ խցերում քնում են հերթով, քանի որ նրանցից մեկում, օրինակ, 16 հոգի է մնում, և բոլորի համար քնելու տեղ չկա: Գերբնակեցումը, Կ.Անդրեասյանի բնորոշմամբ, ամենամեծ խնդիրն է: «Խոշտանգումը միշտ չի ծեծը, բռնությունը, խոշտանգում է մարդուն իր մեկ ժամ զբոսանքից զրկելը, հերթով քնելը»,- ասաց վերջինս:
Դեսպան Լիչը կարծում է, որ պետությունը պետք է ուշադիր լինի, թե ինչպես են վերաբերվում կալանավորված մարդկանց, և հատուկ հսկողություն պետք է սահմանվի միայն նրանց համար, ովքեր փախչելու հակում ունեն: «Այլընտրանքային պատժամիջոցների կիրառումը շատ լավ միջոց կլինի»,- ասաց տիկին դեսպանը՝ հավելելով, որ պաշտպանության կարիք ունեն նաև նման հաստատությունների աշխատողները՝ բուժքույրերը, անվտանգության աշխատակիցները, որոնց աշխատանքը հեշտ չէ:
Թեև հայաստանյան ՔՀԿ-ներում վիճակն ավելի բարվոք է, քան ԱՊՀ շատ այլ երկրներում, այնուամենայնիվ, պաշտպանը առանձնացնում է դեռևս գոյություն ունեցող խնդիրները՝ ֆինանսական սահմանափակ միջոցները, «տեղական փոքրիկ կոռուպցիան», ինչպես նաև սովետական ժամանակներից ժառանգած քրեական կարգերը:
Իսկ որ մարդիկ թունելի վերջում լույս չեն տեսնում և վստահ չեն, որ նույնիսկ 20 տարի հետո կարգապահ վարքից հետո կվերանայվի իրենց գործը, պաշտպանի խոսքով՝ ոչ թե կալանավայրի, այլ դատական համակարգի խնդիրն է. «Մեր երկրում ինչպես բանտարկյալները, այնպես էլ օմբուդսմենը բողոքում են վատ դատական համակարգից: Ես իրենց եմ պատմում դրանից, իրենք ինձ են պատմում…»:
Ամփոփելով 2013թ-ի առաջին եռամսյակի ընթացքում տարբեր ՀԿ-ների հետ քրեակատարողական հիմնարկներ և այլ խոցելի հաստատություններ կատարած 133 այցելությունները՝ ՄԻՊ գրասենյակը ՄԲ դեսպանատան աջակցությամբ հրատարել է միջանկյալ զեկույց՝ «Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ»: «Հաճախ մեզ ասում են՝ ձեր խոսքերը հիմնավոր չեն: Այստեղ ամեն ինչ գրված է, և ովքեր կուզեն հիմնավոր փաստեր, կգտնեն»,- ասաց օմբուդսմենը՝ միաժամանակ հայտնելով, որ այս մեկը շատ բաներով նման է նախորդ տարիների զեկույցներին, որոնց այդպես էլ պատասխան չի տրվել:
Հրանտ Գալստյան