Հայաստանյան քաղաքական գործիչներին կարելի է բաժանել երկու կատեգորիայի` լավատեսների ու հոռետեսների: Իհարկե, այն մասին, թե այս երկու կատեգորիաներից որ մեկն է առավել ռեալիստական, երևի թե չարժի էլ խոսել, բայց այն, որ այդ հստակ տարբերակումն իրոք տեսանելի է, ակնհայտ է: Չգիտես ինչու, սակայն, որպես կանոն՝ լավատեսների խմբում սովորաբար նրանք են գտնվում, ովքեր հանդիսանում են իշխանության մասնիկ: Իսկ ահա հոռետեսներն էլ` հակառակը` ընդդիմադիր հայացքներ ունեցողներն են՝ նրանք, ովքեր գոնե ձևական կերպով պայքարում են իշխանությունների դեմ:
Բայց լավատեսների խմբում կան այնպիսիք, որոնց լավատեսությունն ուղղակի չափ ու սահման չի ճանաչում, ովքեր կյանքին նայում են միմիայն վարդագույն ակնոցներով ու երբեք մտադրություն չեն հայտնել ավելի իրատես լինել: Դրանցից մեկն, անկասկած, Հակոբ Հակոբյանն է, ում լավատեսության ու կյանքի նկատմամբ վառ պատկերացումների վրա միայն զարմանալ կարելի է. այնպիսի տպավորություն է, կարծես՝ եթե նույնիսկ Հակոբյանին դժոխք էլ նետեն, նույնիսկ այնտեղ՝ այդ շոշափելի խավարում, նա կրկին ինչ-որ լավ բան կպեղի ու կառչելով դրանից` կրկին հույս կտա բոլորին: Մի խոսքով` անուղղելի լավատես: Խոսելով Հայաստանի վերաբերյալ իր պատկերացումների մասին` Հակոբյանը վստահություն էր հայտնել, թե ամեն բան լավ է լինելու, ապագան մերն է լինելու և այսպես շարունակ: Իսկ ահա, անդրադառնալով, դիցուք, պետական պարտքի խնդրին, որն, ինչպես հայտնի է՝ եկող սերունդների հիմնական բեռն է լինելու` ժառանգված ներկա սերնդից, Հակոբյանը մի շատ հետաքրքիր միտք է արտահայտել. վստահություն է հայտնել, որ կարևորը պետականություն, աշխատող հասարակություն ունենալն է, երկրի համար պայքարող լինելն է իսկ պարտքը, ոչինչ, կփակվի: Համաձայնե՛ք, միայն նախանձել կարելի է այս մարդու պաթոսի, հայրենասիրության, լավատեսության վրա: Երևի թե դժվար էր ավելի «տրամաբանված», «հիմնավորված» ու «փաստարկված» տեսակետ հայտնել ՀՀ պետական պարտքի ու դրա ճակատագրի վերաբերյալ, որն ի դեպ, ի գիտություն Հակոբ Հակոբյանի, արդեն վաղուց հատել է 6 մլրդ-ի սահմանն ու հեռու չէ 7 մլրդ-ից: Եվ իրոք, մի՞թե Հայաստանի պես «ծաղկուն տնտեսություն», «հզոր արդյունաբերություն» ու «աճող բնակչություն» ունեցող երկրի համար կարող է սարսափելի համարվել ինչ-որ քրջոտ 6 մլրդ դոլարը: Հակոբյանի ջանը սաղ լինի, կաշխատեն, կփակվեն, բա պարտքն էլ է մարդու համար, բա ինչ…
Սարկազմը` սարկազմ, բայց այն, որ միայն լացել կարելի է Հակոբյանի պնդման վրա, միայն հեգնել կարելի է հուսառատ պատասխանը նրա, կհամաձայնեն շատերը: Տեսնես այդ որտե՞ղ է Հակոբյանը տեսել աշխատող հասարակություն, ծլող, ծաղկող պետականություն, որ հիմա էլ վստահ է` փողն ընդամենը ձեռքի կեղտ է: Ա՛յ, որ տարեկան գոնե մի 10000 աշխատատեղ ստեղծեին, կամ տարին առնվազը մի 2-3 գործարան բացեին, ա՛յ սա արդեն խոսակցության միանգամայն այլ թեմա կլիներ. կասեինք` մարդը գիտի` ինչ է ասում: Ավա՜ղ, Հայաստանը միայն դատակվում է, հասարկությունն էլ` ծերանում, ու հայտնի էլ չէ, թե վաղն ինչ է լինելու բոլորիս հետ: Հետևաբար` հարց` ի՞նչն է Հակոբյանին այդպես հույս ներշնչում, պաթոս հաղորդում ու տոգորում լավատեսությամբ: Չե՞ք կարծում, որ այս ամենը մի տեսակ շինծու է. դե իհա՛րկե…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ