Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ավելի շատ վերաբերում է աշխարհաքաղաքական դաշտին և խորը մտահոգությունների տեղիք է տալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
«Որովհետև ակնհայտ է դառնում, որ այսօր կարգավորման գործընթացում որևէ տեսանելի հիմք չկա, այս պահին թունելի վերջում լույս չկա»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները օրերս Հյուսիսային Իռլանդիայից տարածված հայտարարությամբ խոր ափսոսանք հայտնեցին այն կապակցությամբ, որ հակամարտող կողմերը բանակցային գործընթացում չեն կարողացել խնդրի լուծման հասնել և շարունակում են ձգտել միակողմանի ելքի: Հայտնվում էր նաև, որ համաձայնագրի հետագա ձգձգումն անընդունելի է, և կոչ էր արվում երկու երկրների առաջնորդներին՝ կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա:
Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ այն, փաստորեն, հերթական «օպտիմիստականը» չէր, ինչի մասին ավելի վաղ կանխատեսումներ էին արել նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Ես համարում եմ, որ այս հայտարարությունը շատ կոշտ էր. և՛ անձամբ Իլհամ Ալիևի, և՛ Սերժ Սարգսյանի համար: Չէ՞ որ այնտեղ խոսք է գնում անձնական պատասխանատվության մասին, որն այս քաղաքական գործիչներն ունեն և միտումնավոր չեն իրականացում: Այսինքն՝ սուբյեկտիվ մակարդակի վրա այդ հայտարարությունը շատ կոնկրետ հասցեատեր ուներ»,-ասաց քաղաքագետը՝ առաջարկելով դիտարկել նախագահների մակարդակով արված բոլոր ուղերձների դինամիկան:
«Սկզբից կոչ էին անում հասնել արդյունքի, հետո դրսևորել քաղաքական կամք ու ավարտին հասցնել բանակցային պրոցեսը, իսկ հիմա, փաստորեն, քանի որ այդ ամենը տեղի չի ունեցել կողմերը անձնական պատասխանատվություն են կրում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը և մեկնաբանեց. «Այս երկու քաղաքական գործիչներին հեռացնելը ոչ միայն երկու ժողովուրդների ներքին խնդիրն է, այլև գեոպոլիտիկ խնդիր է, ինչը նշանակում է, որ գերտերություններն այլևս չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը օգտագործեն Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելն ու սեփական քրեաօլիգարխիկ ռեժիմները վերարտադրեն»:
Հիշեցնենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն առաջին անգամ հայտարարություն են ընդունել 2009 թ. հուլիսի 10-ին՝ Ակվիլայում, 2010 թ. հունիսի 26-ին՝ Մուսկոկում և 2011թ. մայիսին 26-ին ֆրանսիական Դովիլ ավանում:
Մեր այն դիտարկմանը, որ Ադրբեջանում աշնանը սպասվում են նախագահական ընտրություններ՝ կանխորոշված ելքով, և այդ դեպքում որտե՞ղ է մնում հարցի «գեոպոլիտիկ» մեկնությունը, քաղաքագետն ի պատասխան նկատեց, որ այդ ընտրությունները կանցկացվեն լիակատար քաղաքական մեկուսացման մեջ:
Անդրադառնալով ԵՄ-Հայաստան, թե Հայաստան-Մաքսային միություն առկա երկընտրանքին, Անդրիաս Ղուկասյանը հարցին մոտեցավ մեկ այլ տեսանկյունից, որն այս պահին բավականին թարմ մոտեցում է:
«Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է իրատեսական մոտենալ այս հարցին, և առաջին խոչընդոտը, որն իմ կարծիքով կա ինտեգրման ճանապարհին, դա հենց Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Պետք է հասկանալ՝ Եվրոպայի հետ ասոցիացիան մոտեցնու՞մ է Հայաստանի և Ղարաբաղի համատեղ ապագան, թե՞ հեռացնում է»,- արձանագրեց քաղաքագետը: Այլ խոսքով՝ Եվրոպայի հետ ազատ տնտեսական գոտին վերաբերու՞մ է Արցախին, թե ոչ: Իսկ Ռուսաստանի՞ն, Եվրասիական միությանն ու Մաքսային կոմիտեի՞ն:
Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ նույն խնդիրը կծագի նաև Ռուսաստանի պարագայում, և այդ խնդրի աղբյուրը ԼՂՀ հարցի չկարգավորված լինելն է: