Սահմանին իրավիճակը լարված է: Ադրբեջանում լայնամաշտաբ զորավարժություններ են անցկացվում, իսկ ցանկացած զորավարժություն իր հետ բերում է լարվածության աճ: Այս մասին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն անկանխատեսելի հակառակորդ է: «Մենք կառուցում ենք մեր աշխատանքը՝ հաշվի առնելով այդ հանգամանքը: Ադրբեջանն անկանխատեսելի է ոչ միայն իր ներքին, այլ նաեւ արտաքին քաղաքականությամբ: Երկիր, որն ունի 21-րդ դարին եւ մեր տարածաշրջանին անհարիր հռետորաբանություն եւ քարոզչություն, երկիր, որն ընտրել է թշնամիներ ստեղծելու եւ այդ թշնամիների վրա սեփական քաղաքականությունը կառուցելու մոտեցում: Հետեւաբար, այդ տիպի երկրից պետք է սպասել ամեն ինչ. թե գիտակցված, և թե վերահսկողության թուլացման արդյունքում սրումներ եւ լարումներ: Մ ենք դրան պատրաստ ենք»,-ասաց նա:
Նախարարը հերքեց հայկական կողմից 6 վիրավորների մասին տեղեկատվությունը: «Ես նման տեղեկատվություն չեմ ստացել»,-ասաց պաշտպանության նախարարը: