«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ լինելու արդյունքում տեղական տուրքերի փոփոխություններ չեն նախատեսվում: Այս մասին նոյեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի և «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ների բանակցությունների արդյունքները ներկայացնելու ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյա նը: Փոխքաղաքապետն ընդգծեց, որ 2017 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծն այս պահին հանրային քննարկման փուլում է, և դրանով առաջիկայում դրույքաչափերի որևէ փոփոխություն չի նախատեսվում: «Ինչ վերաբերում է տուգանքներին, մենք դրանք դիտարկում ենք, որպես կանխարգելիչ գործողություն, այլ ոչ թե որպես եկամտի աղբյուր: Տուգանքների արդյունքում բոլոր այն վարորդներն, ովքեր պետք է կայանեն վճարովի ավտոկայանտեղիներում, ի վերջո կվճարեն տեղական տուրքերը, և տուգանքների խնդիրը իսպառ կվերանա, որպես այդպիսին»,-ասաց նա:
Քաղաքապետի տեղակալը շեշտեց, որ փոփոխությունների, հետևաբար՝ Երևան քաղաքի բյուջեի մուտքերի ավելացման հաշվին հնարավոր կլինի իրագործել մայրաքաղաքի բնակիչների համար կարևոր տարբեր ծրագրեր:
«Այս փոփոխությունից շահում է ոչ միայն Երևանը, այլև մեր համաքաղաքացիները, քանի որ բյուջեի ավելացման պարագայում այդ միջոցները կուղղվեն համայնքային նշանակության տարբեր ծրագրերի իրագործմանը»,-նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Նա նաև նշեց, որ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հարյուր տոկոս բաժնետոմսերը Երևանի ենթակայության տակ լինելու արդյունքում ոչ մի իրավական խնդիրներ չկան, գործընթացի հաջորդականությունն ուսումնասիրել են նաև իրավաբանները: Իրավաբանորեն այն ձևակերպվում է, որպես նվիրատվություն:
Փոխքաղաքապետը վերջում հավելեց, որ գործընթացը բանակցությունների արդյունք է, դրանց արդյունքում դժգոհություններ չեն եղել: