Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է՝ որպես ոչ բարեկամական ասոցիացիա։ Այս մասին նա ասել է Arguments and Facts թերթին տված հարցազրույցում։

«Եվրամիությունը «կորցրեց» Ռուսաստանը։ Սրա համար ինքն է մեղավոր։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանի, ինչպես ասում են, ռազմավարական պարտություն կրելու անհրաժեշտության մասին։ Այս պատճառներով՝ մենք ԵՄ-ն համարում ենք ոչ բարեկամական ասոցիացիա»,- ասել է նա:

Լավրովը նաև նշել է, որ ԵՄ-ն Ուկրաինային զենք է մատակարարում, ինչպես նաև հրահանգիչներ և վարձկաններ է ուղարկում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ է արել և անհրաժեշտության դեպքում «կոշտ կգործի»։

Ավելի վաղ ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Խոսեպ Բորելը հայտնել էր, որ հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելու ԵՄ-ի աջակցությունը Կիևի իշխանություններին։

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցում հաստատել են, որ կօգնեն երկրին՝ հաղթելու «ռուսական ագրեսիային»։