Երեկ միանգամից միջազգային մտահոգիչ երկու արձագանք է եղել հայաստանյան կոռուպցիային։ Ըստ ամենայնի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը համարում է, որ Հայաստանի կառավարությունն այլևս անընդունակ է՝ այս հարցում դիվանագիտական, քաղաքական բառապաշարը հասկանալու համար։ Երեկ դիվանագետն ընտրել է, ըստ էության, ոչ դիվանագիտական լեզու՝ հայտարարելով, թե կոռուպցիան Հայաստանում կարող է սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը։ Այնպիսի տպավորություն է, որ դեսպանը հույսը կտրել է կառավարությունից և իրերը կոչում է պոպուլյար լեզվով՝ կոռուպցիայի դեմ պայքարում հույսը դնելով հասարակության աջակցության վրա։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության երեկվա զեկույցը նույնպես փաստում է , որ Հայաստանը կոռուպցիոն լուրջ խնդիրներ ունեցող երկրների շարքում է։
Հայաստանի իշխանությունները կամ հերքում են համակարգային կոռուպցիայի առկայությունը, կամ էլ կառավարությունը տպավորություն է ստեղծում, որ կոռուպցիոներները «տաք անկյուն» էին գտել նախորդ կառավարությունում, իսկ նոր կաբինետը հեծանիվով գործի եկող «հրեշտակների» հավաքածու է։
Սակայն ճակատագրի հեգնանքով՝ հենց հեծանիվով գործի եկող հարուստ փոխնախարարի ավելի հարուստ շեֆը՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն, արդեն հասցրել է թաթախվել կոռուպցիայի մեջ։ Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134,0 մլն դրամի չափով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ամենամեծ հատկացումը՝ 24 միլիոնը, բաժին է հասնելու «Վարդանանց» բժշկական կենտրոնին, որը պատկանում է «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում ՍՊԸ հիմնադիրների անվան տեղում գրված են Լևոն Ալթունյան և Միքայելյան Արևշատ անունները։
Այսպիսով՝ Լևոն Ալթունյանը պետական պաշտոնն օգտագործում է՝ սեփական բիզնեսն ամրապնդելու համար։ Սա կոռուպցիայի դասական դրսևորում է։ Նման դեպքերում՝ քաղաքակիրթ երկրներում նախարարն առնվազն պաշտոնանկ է արվում, էլ չասած՝ հնարավոր քրեական հետապնդման մասին։ Եթե անկեղծ լինենք, Ալթունյանն արդեն իր տեղում չպետք է լիներ՝ հղի կանանց մահվան առիթով երկու շաբաթ առաջ հնչեցրած ցինիկ արտահայտության համար։ Սակայն նախորդ դեպքում խնդիրը բարոյական հարթության մեջ էր ու բոլորս հասկացանք, որ այդ արժեքները վարչապետը ստորադասում է իր և Ալթունյանի ընկերության հանգամանքին։ Ի դեպ, սա էլ՝ թայֆաբազության հետևանք է։ Հիմա Ալթունյանի արարքում կա կոռուպցիոն դրսևորում, որին արդեն տալիս են ոչ թե բարոյական, այլ իրավական և քաղաքական գնահատական։ Եթե հերթական, այս անգամ՝ կոռուպցիոն սկանդալից հետո Ալթունյանը շարունակի պաշտոնավարել, ապա կոռուպցիոների պիտակը տեղին է ոչ միայն առանձին վերցրած նախարարի, այլ՝ ամբողջ կառավարության համար։
Սարգիս Հակոբյան