Այսօր բյուջեի խորհրդարանական քննարկումները մեկնարկել են Կարեն Կարապետյանի կառավարության անդամների բացակայությամբ։ Փաստն ինքնին արտառոց է, սակայն միանգամայն տեղավորվում է ներիշխանական հարաբերությունների, նոյեմբերի 26-ին նշանակված ՀՀԿ համագումարին նախորդող զարգացումների համատեքստում։
Այս ամենը նույն տրամաբանության մեջ է այն հանգամանքի հետ, որ Կարեն Կարապետյանը «թանկացնում» է սեփական քաղաքական «արժեթուղթը»՝ շարունակ ձգձգելով անդամագրությունը ՀՀԿ-ին եւ անհեթեթ վիճակում դնելով այս հարցով մի քանի շաբաթ «կռուտիտներ» անող ՀՀԿ խոսնակին։
Խուլ հակամարտություն կա խորհրդարանական մեծամասնության ու վարչապետի միջեւ։ ՀՀԿ վերնախավը Կարապետյանին ցանկանում է «հանրապետականացնել»՝ նրան «մեծահոգաբար» սահմանափակ «փայ» տալով։ Վարչապետը հասկացնում է, որ ինքը չի գնա Տիգրան Սարգսյանի հետքերով եւ ՀՀԿ անդամ կդառնա՝ հենց այս մեծամասնությանն իր մեծամասնությամբ փոխարինելու պայմանով։ Առայժմ կողմերը «լեզու» չեն գտնում՝ բյուջեի քննարկումը վերապահելով կիսադատարկ դահլիճին։
Սարգիս Հակոբյան