Սովորաբար, իշխող է այն կարծիքը, թե Հայաստանի հետընթացի, տնտեսական հետամնացության պատճառը իշխանություններն են: Շատերի համոզմամբ՝ հենց նրանց ապաշնորհության արդյունքում է, որ երկիրն այսօր այս վիճակում է գտնվում, իսկ ցանկացած նորամուծություն, որ կարող է ինչ-որ իմաստով դեղատոմս հանդիսանալ՝ բուժելու այն բոլոր վերքերն ու խոցերը, որ այս տարիների ընթացքում հասցվել են երկրին ու դրա բնակիչներին՝ անխտիր բոլոր կողմերից: Իհարկե, դժվար է չհամաձայնել այս մտքին, մանավանդ այն պարագայում, երբ աչքիդ առաջ ունես անցյալի դառը փորձն ու ներկա իրողությունները, բայց հարցը, թե ինչու է այդպես, ինչու են իշխանությունները վախենում ամեն նորից, բավական հետաքրքրական պատասխան ունի. բանն այն է, որ ոմանց համար սարսափելին ոչ այնքան փոփոխություններն են, որքան՝ դրանց քաղաքական հետևանքները:

Կարեն Կարապետյանի՝ հայաստանյան ներքաղաքական դաշտ մուտքը, պետք է խոստովանել, բավական անականկալ ստացվեց: Ընդ որում՝ այն անակնկալ էր ոչ միայն հանրության ամենալայն շերտերի, այլև, ինչ-որ իմաստով, իշխանությունների համար, քանի որ հայաստանյան իրականություն էր մուտք գործում մեկը, որից չգիտեին՝ կոնկրետ ի՞նչ կարելի է սպասել: Չնայած շատերն այն կարծիքին էին, որ Կարապետյանի ու բարձրագույն ղեկավարության միջև գոյություն ունեցող որոշակի հակասությունների մասին խոսակցությունները չափազանցված էին, բայց կյանքն ապացուցեց, որ խոսել բացարձակ ներդաշնակության ու փոխհամաձայնեցվածության մասին, վաղ է ու չարդարացված:

Հայաստանում նոր թափ ու երկրորդ շնչառություն ստացած համահանրապետականացման գործընթացն օրեցօր նոր նրբերանգներ է ստանում. անխտիր բոլորը՝ կառավարության մաս կազմող, ենթարկվում են տոտալ հանրապետականացման: Ու չնայած՝ կարող է թվալ, թե սա միանգամայն բնական ու տրամաբանական գործընթաց է՝ հառաջս խորհրդարանական ընտրությունների, ու այս ամենով իշխանություններն ընդամենը սեփական ուժերն են մոբիլիզացնում՝ ըստ արժանվույնս դիմակայելու վերահաս փորձությանը, ակնհայտ է, սակայն, որ այստեղ ամեն բան այնքան էլ միանշանակ ու պարզ չէ, ինչպես կարող է թվալ որոշ միամիտների. պրոցեսն այս՝ մտահղացվել ու ղեկավարվում է շատ կոնկրետ նպատակով, ու խնդիր ունի Սերժ Սարգսյանի համար վերահսկելի դարձնել իշխանական բուրգն՝ ամբողջությամբ, առանց որևիցե բացառության:

Կարեն Կարապետյանի ու նրա նախարարների անխուսափելի հանրապետականցումն ունի գեթ մեկ նպատակ՝ նրանց բոլորին դարձնել համակարգի անքակտելի մասնիկը: Մի համակարգի, որի գլխավերևում կանգնած է Սերժ Սարգսյանը. Կարեն Կարապետյանի՝ որպես անկախ ֆիգուրի, ինքնուրույն հանդես գալը չի կարող բխել նախագահ Սարգսյանի երկարաժամկետ շահերից, քանի որ անկախ այն բանից, թե 20182.-ին ով կլինի երկրի նոր վարչապետը, Սարգսյանը շարունակելու է իշխանական հիեարխիայում զբաղեցնել այն դիրքն ու ունենալ այն դերակատարումն, ինչ ունի հիմա՝ երկրի նախագահի պաշտոնում:

Անհերքելի է՝ առաջադեմ հաջողակ վարչապետն, ով էլ նա լինի՝ Մոսկվայի սիրելին, թե՝ ասենք, Վաշինգտոնից ուղարկված իսկական պրոֆիլ, Սարգսյանի համար ցանկալի է միայն մեկ պայմանով, որ նա գտնվի իր անվերապահ վերահսկողության տակ, չստեղծի անհարկի կոնկուրենցիա ու «գլուխը կախած» աշխատի՝ դափնիները ուղարկելով Բաղրամյան 26, պարտության փշերը պահելով իրեն:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ