Նոյեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված Դավիթ և Նատալի Կասանջյաններին, որոնց երկու որդիները ծառայում են Հայոց բանակում: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց սիրիահայ ամուսիններին՝ որդիներին ճիշտ դաստիարակելու, Հայրենիքին արժանավոր զավակներ պարգևելու համար: Նա մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ, որ ձեր որդիները ոչ միայն կիրթ են, այլև հայրենասեր: Տեղյակ եմ, որ մեր նախարարության աջակցությամբ մասնակցել եք նրանց երդման արարողութանը, և համոզված եմ, որ հպարտության զգացողություն ունեցաք»:

 

Նախարաը հետաքրքրվեց ընտանիքի կարիքներով, դժվարություններով, ծրագրերով: Նատալի Կասանջյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց. Շնորհակալ եմ, որ սփյուռքի նախարարությունը առաջին օրվանից մեր կողքին է, աջակցում է բոլոր հարցերում: Քաղաքում փոքրիկ տարածք ենք վարձակալել, թարմ հաց, լահմաջու ենք թխում, դժգոհ չենք, կարողանում ենք օրվա հացը վաստակել:

 

Միայն թե խաղաղություն լինի: Ուզում եմ, որ բոլոր զինվորներն անփորձանք ծառայեն, գան հասնեն իրենց ծնողներին»: Կասանջյան ընտանիքի 2 տղաները՝ Գևորգն ու Թորոսը, այսօր ծառայում են Հայոց բանակում, գոհ են ծառայությունից, ոգևորված, ու արդեն սպասում են իրենց երրորդ եղբորը՝ Մեսրոպին: Հայաստան տեղափոխված շատ սիրիահայերի նման Կասանջյանները ևս բազում խնդիրներ ունեն:

 

Մեծամորում ապրելիս նրանց օգնել են բնակարանի վարձը վճարել, այսօր այդ նույն խնդիրն ունեն Երևանում: Սփյուռքի նախարարությունն այս հարցում ևս փորձում է օգնել ընտանիքին՝ բնակարանի վարձի համար դիմելով տարբեր մարդասիրական, հասարակական կազմակերպությունների: