ՀՀ սփյուռքի նախարարությունում մայիսի 25-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Ողջունելով ներկաներին' Հրանուշ Հակոբյանն ասել է. «Հայաստան հիմնադրամը մեր նորանկախ պետականության կարևոր ձեռքբերումներից է, մի զորավոր ցանց, որը մեծապես նպաստում է համահայկական խնդիրների լուծմանը : Ձեր նվիրումի ու ակտիվության շնորհիվ, հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը, նպաստում Հայաստանի ու Արցախի բարեկարգմանը, ապահովում է բազում ազգաշահ ծրագրերի շարունակականությունը»:

 

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է գերատեսչության հնգամյա գործունեությունը և իրականացրած ծրագրերը, նա հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին կոչ է արել առաջիկայում առավել արդյունավետ համագործակցել, նպաստել համայնքների ներգրավվածության ընդլայնմանը Սփյուռքի նախարարության ծրագրերում:

 

«Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ձեռնարկները տեսաշարով ներկայացրել է ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

 

Այնուհետև ելույթ է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա շնորհակալություն է հայտնել հանդիպումը կազմակերպելու համար և ներկայացրել է համագործակցության հետագա հնարավորություններն ու դրանց հետ կապված խնդիրները: Արա Վարդանյանը կարևորել է սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության հետ համատեղ իրականացրած ծրագրերը և առաջիկա անելիքները :

 

Իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են ներկայացրել և առաջարկություններով հանդես եկել Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները:

 

Ամփոփելով հանդիպումը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել է հիմնադրամի կենտրոնական և տեղական մարմիններին միանալ նախարարության կողմից ձևավորած տեղեկատվական դաշտին, պարբերաբար տրամադրել իրենց կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, համագործակցել ազգային ներուժի համախմբման ու արդյունավետ կիրառման և այլ համահայակական նշանակության ծրագրերի իրականացման գործում :

 

Վերջում տեղի են ունեցել քննարկումներ: