Հոկտեմբերի 7-ին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի հիմնադրման 1 ամյակի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց գրասենյակ՝ ծանոթանալու հասարակական կազմակերպության աշխատանքին: Ողջունելով կենտրոնի աշխատակիցներին և հյուրերին, նախարարը մասնավորապես նշեց. «Ես ուրախ եմ այսօր գտնվել այս կենտրոնում, որը ստեղծվել է մեկ տարի առաջ, որպես հասարակական կառույց, և որի նպատակն է սիրիահայերի հիմնախնդիրները կարգավորել, ներկայացնել պետական կառույցներին՝ լուծումներ ստանալու համար: Միասին իրականացրել ենք 30-ից ավելի ծրագիր, ֆինանսական օգնությունից մինչև սնունդի և հագուստի տրամադրում: Ընդունվել և կյանքի են կոչվել երկու տասնյակից ավելի օրենսդրական ակտեր»:
ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց աջակցող և համագործակցող կառույցներին, անհատներին, շնորհակալություն հայտնեց նրանց մարդասիրական, հայապահպան ու ազգանվեր գործունեության համար:
Եզրափակելով իր խոսքը նախարարը գոհունակությամբ նշեց, որ սիրիահայերը նոր մշակույթ բերեցին, նոր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, պատասխանատվություն և ազնվություն: «Մենք պետք է լուծենք նրանց բոլոր խնդիրները: Հայրենիքը նոր գտած մեր հայրենակիցները իրավունք չունեն նորից փախստական դառնալ». ասաց սփյուռքի նախարարը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալագիր հանձնեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը մեկամյա ակտիվ և անաչառ գործունեության համար:
Ելույթ ունեցան և կենտրոնի մեկամյա գործունեության առթիվ շնորհավորեցին ՄԱԿ-ի փախստականների, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչները, կաթողիկե և ավետարանչական եկեղեցիների սրբազան հայրեր, հյուրեր: