Նոյեմբերի 18-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով՝ ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ:
Թվում է`սովորական աշխատանքային մթնոլորտ է ստեղծված ԴԱՀԿ-ում, բայց այդպես միայն թվում էր` մինչև ականատեսը չեղանք, այսպես ասած, «փոխհրաձգության»:
Ծառայողական քննության հայտարարմանը հաջորդեց գնդապետ Գագիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ զեկուցագիրը, որը լի էր Արմեն Հարությունյանին ուղղված մեղադրանքներով: Զեկուցագրով Գագիկ Հարությունյանը դիմում էր Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, Արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանին: Ըստ նրա, իր կողմից կայացված որոշման վրա խոր ազդեցությունն է թողել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Հարությունյանի կողմից՝ հրապարակավ Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկույցը առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այինինչ՝ այն շահագործման է հանձնվել դեռևս 2015 թվականի դեկտեմբերից։
Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին՝ հանձնարարականները չկատարելու՝ անհիմն պատճառաբանություններով, մասնավորապես, 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այնինչ, ըստ Գագիկ Հարությունյանի՝ իր կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում 10 օր և ոչ մի լումա։
Նման բան Հայաստանում կամ չի պատահում, կամ էլ պատահում է հարյուր տարին մեկ անգամ, երբ համակարգի աշխատակիցը հրապարակայնորեն մեղադրում է ղեկավարին՝ ստախոսության և անգործության մեջ:
Այս ամենը վկայում է այն մասին, որ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը պարզապես չի տիրապետում իրավիճակին, վատ կառավարիչ է և կապ չունի այն ոլորտի հետ, որը վստահվել է իրեն:
Ընդամենը ամիսներ տևած պաշտոնավարման ընթացքում արդեն մի քանի սկանդալի կենտրոնում է հայտնվել Արմեն Հարությունյանը և, համենայնդեպս մեզ համար, հարկադիր կատարման ծառայության ոլորտում ոչ մի դրական դինամիկա չի նկատվել: (Կարդացեք նաև`Արմեն Հարությունյանը ԴԱՀԿ-ն դարձրել է իր «դուքանը». ինչո՞ւ են լռում Կարեն Կարապետյանը և Արփինե Հովհաննիսյանը և ԴԱՀԿ պետի փաստաբան-խորհրդականի ուշագրավ հայտարարությունը՝ աղմկահարույց թեմայի վերաբերյալ հոդվածները)
Մնում է ուշի ուշով հետևել իրադարձություններին և սպասել, թե երբ ևս մեկ աշխատակից չի կարողանա համակերպվել անարդարության հետ, ազատման դիմում կգրի, և նոր, էլ ավելի սկանդալային հայտարարություններ կանի:
Ն. Ա.