ՀՀԿ 16 -րդ համագումարն իսկապես «պատմական» դարձավ։ Առավելապես մեկ մարդու՝ Կարեն Կարապետյանի համար, որովհետեւ այսօրվա համագումարը վերածվեց վարչապետի PR ակցիայի։ Օրեր անց՝ համագումարի մասին քչերը կհիշեն, սակայն բոլորի մոտ կտպավորվի, որ Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ական յոթ հազար նոր անդամներ՝ իրենց հոժար կամքով, մեր վարչապետի խելքն ու բոյ-բուսաթը գնահատելով։
«Ասեմ նաև, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,– համագումարի ամբիոնից հայտարարել է Սերժ Սարգսյանը: Անկախ այն հանգամանքից, թե կուսակցական ատիճանակարգում ինչ ֆորմալ կամ իրական ազդեցություն կունենա Կարեն Կարապետյանը կամ համամասնական ցուցակում՝ առաջին երկու համարներից որը բաժին կհասնի նրան, հենց վարչապետն է առաջիկա ընտրություններում դառնալու ՀՀԿ-ի «դեմքը», այն կերպարը, որին պետք է քվե տա հասարակությունը։ Համոզված եմ, որ հանրապետականները հենց այդ պարզունակ թեզով էլ ներկայանալու են ընտրողներին։
Քարոզչական թեզը հանգելու է այն երկընտրանքին, որ մարդիկ քվե են տալիս ոչ թե ՀՀԿ-ին, այլ Կարեն Կարապետյանի վարչապետության երկարաձգմանը։ Քաղաքացիների մեծ մասը կարող է քվեարկել «գազ էժանացնող» վարչապետի օգտին, երբ մարդիկ մտածում են, թե իբր Կարեն Կարապետյանը Մոսկվայից ուղարկվել է՝ «սրանց հարցերը լուծելու» համար։ Ստացվում է՝ ՀՀԿ ցուցակը ձայներ է ստանալու մարդկանցից, ովքեր հույս ունեն ազատվել նույն ՀՀԿ-ից՝ Կարեն Կարապետյանի միջոցով։
ՀՀԿ այսօրվա համագումարն, ըստ էության, նախընտրական արշավի ոչ ֆորմալ մեկնարկն է։
Մյուս կողմից՝ քաղաքական նոր հայտարարություներ, սենսացիաներ չգրանցվեցին։ Առանց այս համագումարի էլ՝ պարզ էր, որ Կարապետյանը վեց ամսով չի վերադարձել Հայաստան ու նրա վարչապետությունն երաշխավորված է՝ առնվազն մինչեւ 2018թ-ի ապրիլ։ Այսօր պարզապես այդ հանգամանքը ֆորմալիզացվեց։ Այդ ֆորմալիզացումն, ի դեպ, երկսայր է՝ հետեւանքների առումով։ Մի կողմից՝ Կարեն Կարապետյանի կշիռը մեծանում է՝ հատկապես քաղաքական առումով, մյուս կողմից՝ նա դառնում է պատասխանատվության գրեթե ամբողջական կրող՝ ոչ միայն տնտեսության վիճակի, այլ նաեւ՝ առաջիկա ընտրությունների, հետընտրական զարգացումների համար։
Այսօրվա համագումարը փաստեց, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմն այնքան էլ կարճաժամկետ չէ, բայց պատասխան չտվեց հիմնական հարցին՝ ո՞վ է լինելու իշխանության իրական «տերը»՝ նախագահի պաշտոնից Սարգսյանի հեռանալու հետո։ Գուցե իշխանության զույգն ունի հարցի պատասխանը, բայց այն չի հրապարակում՝ համակարգի կոնսոլիդացիան չվտանգելու համար։ Հնարավոր է՝ Սարգսյանն ու Կարապետյանը նույնպես անորոշության մեջ են՝ սպասելով ներքին ու արտաքին ազդակների։ Դժվար է ասել, թե որ տարբերակի հետ գործ ունենք, սակայն հենց այսօր տրված է իշխանության համար պայքարի իրական մեկնարկը։ Պայքարի այդ մեկնարկում՝ ամենաքիչ տեղը հատկացված է ընտրությունների բուն օրվան, որովհետեւ Հայաստանում իշխանության բովանդակությունն ու կառուցվածքն որոշում են ոչ թե ընտրողներն, այլ՝ քաղաքական, տնտեսական, վարչական ռեսուրսներ ունեցող խմբավորումների հարաբերությունները, նրանց կոնֆլիկտներն ու կոմպրոմիսները։
Սարգիս Հակոբյան