ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում անորոշությունը պայմանավորված է ո՛չ միայն ամերիկյան ընտրություններով ու ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի՝ առայժմ դժվար կանխատեսելի արտաքին քաղաքականությամբ։
Մյուս տարի նախագահական ընտրություններ են նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մեկ այլ երկրում՝ Ֆրանսիայում։ Այդ երկրի գործող նախագահ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը դեռ պաշտոնապես չի հայտարարել վերստին առաջադրվելու իր ցանկության մասին՝ թեեւ սոցիոլոգիական հարցումները հուշում են, որ այս պահին նրա վերընտրվելու հավանականությունն ընդամենը 9% է։ Առաջիկա ընտրություններում՝ սոցիալիստների պարտությունը գրեթե կանխորոշված է, որովհետեւ շատ ցածր է նաեւ նրանց մյուս պոտենցիալ թեկնածուի՝ վարչապետ Մանուեյլ Վալյսի վարկանիշը։
Պետք է անկեղծորեն խոստովանել, որ Ֆրանսիան Հայաստանին բարեկամ երկիր է ու նրա քաղաքական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները հանդես են գալիս հայամետ դիրքորոշումներով։ Սրան նպաստում է նաեւ ֆրանսահայության ակտիվությունը ու նրա կողմից քաղաքական ադեկվատ օրակարգի ձեւակերպումը։ Մեր հայրենակիցները շեշտը դնում են ոչ թե պատմական արդարության հաղթանակի, այլ այն հարցերի վրա, որոնք հրատապ են՝ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության տեսանկյունից։
Հանրապետականների աջ-կենտրոնամետ ընդդիմադիր կուսակցության փրայմերիզն երեկ ի հայտ բերեց դըգոլականների նախագահի թեկնածուին։
Նախնական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել նախկին վարչապետ, խորհրդարանի գործող պատգամավոր, 62-ամյա Ֆրանսուա Ֆիյոնը, ով ոչ միայն կարողացել է կոնսոլիդացնել հարազատ կուսակցության քաղաքական ու մարդկային ողջ ռեսուրսը, այլ նաեւ հաղթողի հիմնական հավակնորդ է՝ 2017թ.-ի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում։ Նախկին վարչապետն այս պահին ունի 26% վարկանիշ ու գլխավորում է հավակնորդների ցուցակը։ Նրան երկու տոկոսով զիջում է Ֆրանսիայի ազգայնականների առաջնորդ Մարի Լե Պենը։ Հենց այս երկու գործիչներն էլ դուրս կգան ընտրությունների երկրորդ փուլ, որում Ֆիյոնի հաղթանակը գրեթե անխուսափելի է՝ նաեւ սոցիալիստների աջակցության շնորհիվ։
Օլանդը գրեթե ոչնչով աչքի չի ընկել ներքին քաղաքականության մեջ ու քիչ էր մնում նրան սպառնար իմպիչմենտ՝ ինտրիգային մի պատմության հետեւանքով։ Արտաքին քաղաքականության մեջ՝ Օլանդը կամ եղել է ԱՄՆ-ի ու Գերմանիայի ստվերում, կամ էլ՝ չի հաջողել։ Թերեւս, վերջին շրջանում՝ հենց ներքաղաքական համատեքստում է ԼՂ-ը հարցը փորձում օգտագործել Ֆրանսիայի նախագահը։ Հազիվ թե նա կարողանա կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում, առավել եւս՝ բեկում մտցնել կարգավորման գործընթացում։ Դա անիրական է, ըստ այդմ՝ առաջիկա ընտրություններում քաղաքական դիվիդենդ կամ պատմականություն չի կարող ապահովել Օլանդի նախագահությանը։
Ելիսեյան պալատի հիմնական հավակնորդը համարվող Ֆրանսուա Ֆիյոնը հայամետ գործչի իմիջ ունի, սակայն նրան նաեւ ռուսամետ են համարում։ Իրատես լինենք՝ ԼՂ հարցում Ֆրանսիայի նոր նախագահի մոտեցումները զուրկ են լինելու զգացմունքայնությունից եւ ավելի շատ ածանցվելու են նրա տարածաշրջանային քաղաքականությունից։ Ֆիյոնը ռուսամետ չէ՝ թեեւ կողմ է քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը։ Նա համոզված գըգոլական է, եւ արտահայտելով Ֆրանսիայի հանրային տրամադրությունները՝ կարծում է, որ Ֆրանսիան պետք է վարի ինքնաբավ արտաքին քաղաքականություն՝ դուրս գալով Վաշինգթոնի ու Բրյուսելի ստվերից։ Այս համատեքստում՝ նա կարեւորում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու երկու երկրների ջանքերի մեկտեղեւմը՝ սիրական հարցում։
Թրամփի ղեկավարած վարչակազմի քաղաքականության մեջ՝ Հարավային Կովկասին եւ ԼՂ-ի խնդրին, ըստ ամենայնի, առանցքային դերակատարություն վերապահված չէ։ Նույնը կլինի նաեւ Ֆրանսիայի պարագայում, եթե նախագահ ընտրվի Ֆիյոնը։
Չգրված կոնսենսուսով՝ ԼՂ կարգավորման գործընթացում մեծանում է Ռուսաստանի դերակատարությունը։ Նման հեռանկարը ռիսկային է, որովհետեւ սահմանափակվում է Հայաստանի մանեւրելու հնարավորությունը, մյուս կողմից՝ կարգավորման գործընթացում մեծանում է ռուս-թուրքական դաշինքի հնարավոր ազդեցությունը։
Սարգիս Հակոբյան