Հերոս քաջորդիներն իրենց սուրբ արյամբ պարգևեցին մեզ խաղաղություն և հարատևություն...

 

Իհարկե, ոչ մի բան չի կարող մեղմել զավակ կորցրած ծնողի ցավն ու տառապանքը, անգամ այն գիտակցումը, որ իր որդին հերոս է, իր հայրենիքին արժանի զավակ: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, նշվում է 5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման տարեդարձը: Եվ հենց այսօր անցկացվեց առաջնագծում զոհված քաջերի փառաբանման ավանդական, երկրապահական միջոցառումը: 

 

Միջոցառման շրջանակում գեներալ Մանվել Գրիգորյանի և երկրապահ ազատամարտիկ Վահե Բադալյանի նախաձեռնությամբ, 2016 թվականին հայրենիքի սահմանները պաշտպանած քաջորդիների և ազատամարտիկների ծնողներին ու հարազատներին 1-ական միլոն դրամ հատկացրեց: Ներկա էին զոհված զինվորների ծնողները, հարազատներ: 

 

Զոհվածների փառաբանման միջոցառումը մեկնարկեց հայոց բանակի հոգևոր առաջնորդ Վրթանես սրբազանի օրհնանքի խոսքով, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհվածների անմահ հիշատակը: Ազատամարտիկ Վահե Բադալյանը զոհվածների ծնողներին անձամբ շնորհակալություն հայտնեց և հպարտությամբ շեշտեց՝ իրենք այսօր ապրում են շնորհիվ այդ հերոսների թափած սուրբ արյան: «Շնորհակալություն ձեր հերոս որդիներին: Իրենք իրենց կյանքի գնով մեզ պարգևեցին խաղաղություն: Խոնարհվում եմ ձեր և նրանց հիշատակի առաջ»,- հուզված ասաց Վահե Բադալյանը: 

 

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն իր խոսքում շեշտեց՝ այսօր մեր բանակը ժամանակի հետ քայլում է. «Մեր հերոսները զոհվեցին մեզ համար, մեր խաղաղության համար: Գիտակցված մահը անմահություն է: Այս տղաների քաջությունն անմահ է: Բայց դե գյուլլեն չի հարցնում՝ ում է կպնում, ոչ էլ՝ ճակատագիրը...»: 

 

Ներկաներից Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ևս խոսքով դիմեց զոհվածների ծնողներին. «Տղաները զոհվեցին մեծ բանի համար: Մեր տղաները կարողացան կապել անցյալը՝ ապագայի հետ: Նրանցք տվեցին իրենց թանկ արյունը, որպեսզի ազգը շարունակություն ունենա: Մենք սերունդ ունենք, որը թշնամու լուծը չի տեսել, մենք ունենք անկախության սերունդ»: 

 

Վերջում՝ խոսքով հանդես եկավ զոհվածներից Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը:Զինվորի հայրը մի կերպ էր զսպում արցունքները, խոսքեր չէր գտնում ասելու՝ ինչ է զգում, ինչ է ապրում այդ պահին: «Ես ուզում եմ մեր բոլոր ծնողների սրտից ցանկություն ասել, որ երբ մենք գնանք մեր հերոս զավակների զոհված վայրերը, դիրքերը, դրանք լինեն ավելի ապահով, մենք չգնանք զինվորականների թույլտվությամբ, այլ լինի ավելի ապահով: Ես խոսքեր չեմ գտնում ասելու...»:

 

Մանվել Գրիգորյանը արարողության ավարտին ԵԿՄ հուշամեդալով պարգևատրեց Վահե Բադալյանին և նրա ծնողներին: Բարերար Վահե Բադալյանը պարգևատրվեց նաև ԿԳՆ ոսկե հուշամեդալով: 

 

Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com

Քրիստինա Աղալարյան