Ժամանակը հոսում է, իսկ դա նշանակում է, որ հետզհետե ավարտվում է այն շրջանը, երբ հնարավոր էր ժողովրդին բացառապես գեղեցիկ խոստումներ տալով՝ շահել նրա վստահությունը:Լավ է դա, թե՝ վատ, բայց փաստը, որ նոր կառավարության գործունեությունը հենց ամենասկզբից աչքի էր ընկնում առատ ու վարդագույն խոստումներով, խոսում էր այն մասին, որ իշխանությունները, ելնելով սեփական նեղ քաղաքական շահերից, փորձում էին հմտորեն օգտվել տարիներով փորձված տեխնոլոգիայից, որը գրեթե միշտ գործել է անխափան ու շահառուներին հուսախաբ չի արել. հանրության շրջանում դրական սպասումների մթնոլորտ ձևավորելը միշտ էլ ու բոլոր ժամանակներում դրականորեն է անդրադարձել հասարակության շրջանում իշխանությունների հանդեպ լոյալ մթնոլորտ ձևավորելու վրա:

Հայտնի է, սակայն, որ, վերոհիշյալ տեխնոլոգիան կարող է արդյունավետ լինել միայն կարճ ժամանակահատվածի համար, և իրական ու շոշափելի արդյունքների հասնելու համար՝ միայն խոսքերը, որպես կանոն, քիչ են լինում: Եվ ուրեմն՝ պետք է ամրագրել, որ Կարապետյանի կառավարության առաջ ծառացել է այն հարցը, թե ինչպես, հատկապես ինչ մեթոդներով պետք է արդարացնել այն սպասելիքները, որ կան, գոյություն ունեն ներկայիս հասարակությունում, քանի որ չարդարացնել դրանք՝ կնշանակի կամովին քաղաքական ինքնասպանության դիմել. որքան մեծ են սպասելիքներն, այնքան ուժգին է լինում ատելությունը նրանց հանդեպ, ովքեր ժամանակին չեն «ալարել» ու լիուլի խոստացել են՝ առանց խոստումների իրականացումը երաշխավորելու:

Այն, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները ոչ միայն անհույս են, այլև գնալով՝ է՛լ ավելի անմխիթար են դառնում, խոսում է այն մասին,որ սեփական խոստումները կյանքի կոչելու ճանապարհին Կարապետյանը ստիպված է լինելու բախվել լրջագույն խնդիրների: Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե կառավարությունն արդեն իսկ որոշակի քայլեր հասցրել է անել՝ իրավիճակը շտկելու, տնտեսությանը գոնե մի փոքր թթվածին մատակարարելու, բայց որ գործադրած ջանքերը ոչ մի կերպ բավարար չեն կարող համարվել, եթե նույնիսկ շարունակական բնույթ էլ կրեն, անհերքելի է. երկրի տնտեսությունն առողջացնելու, խորխորատից դուրս բերելու համար կառավարությունը մեկ ելք ունի՝ ամեն գնով վերակենդանացնել Հայաստանի արդյունաբերությունը:

Թե ինչ է նշանակում արդյունաբերությունը ցանկացած երկրի տնտեսության համար, և թե ինչ վիճակում է տնտեսության այս կարևորագույն ճյուղի վիճակը՝ Հայաստանում, գիտի ցանկացած մեկն, ով քիչ թե շատ «գլուխ է հանում» «տնտեսություն» կոչվածից. չկա ու չի լինում քիչ թե շատ կենսունակ տնտեսություն՝ առանց քիչ թե շատ բարվոք արդյունաբերության: Թե ինչպես ստացվեց, որ երբեմնի ծաղկուն արդյունաբերությամբ երկիր Հայաստանը վերածվեց ընդամենը, լավագույն դեպքում, առևտրային տնտեսությամբ պետության, երկար ու ծեծված պատմություն է. այդ գործում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել վերջին տասնամյակների անխտիր բոլոր կառավարությունները՝ սկսած 90-ականներից: Ուստի՝ ակնհայտ է, որ տասնամյակների կորցրածը գոնե ինչ-որ կերպ վերականգնելու համար կառավարությունից բառացիորեն տիտանական ջանքեր են պահանջվելու:

Այն, որ Հայաստանի թիվ մեկ գերխնդիրներից էլ աշխատատեղերի բացակայությունն է, գիտի ցանկացած մեկն, ով ապրում է այստեղ: Առանց գոնե որոշ արդյունաբերական համալիրների, ինչպիսիք են, ասենք, նույն «Նաիրիտը» կամ «Վանաձորքիմպրոմը», վերագործարծարկման խնդիրն այս՝ լուծել չի հաջողվելու: Հարկավոր է ոչ միայն վերագործարկել համապատասխան հզորություններն, այլև լուծել մարդկային այն հոծ բազմությանը հուզող խնդիրները, որ փաստացի զոհ է դարձել ոմանց անտարբերության, ագահության. առաջին լուրջ փորձությունը, որ շուտով ծառանալու է Կարապետյանի առաջ, նաիրիտցիների բազմաչարչար խնդիրներին լուծում տալն է լինելու, գիգանտի վերագործարկման համար իրական ու լուրջ նախադրյալներ ստեղծելը: Մարդիկ տարիներով իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում, դիմում բոլոր օրինական միջոցների, բայց՝ ապարդյուն. նրանց կա՛մ լռեցնում են, կա՛մ, լավագույն դեպքում, աչքաթող անում:

Բոլորին պետք է պարզ լինի մեկ բան. տնտեսական իրական առաջընթաց կարելի կլինի ակնկալել ու իրականացնել միայն այն պարագայում, երբ կառավարությունը կամք ու վճռականություն ցուցաբերի՝ իրականացնելու կոնկրետ քայլեր՝ արդյունաբերությունը զարգացման ուղու վրա դնելու, նոր շունչ հաղորդելու դրան. առանց արդյունաբերության՝ շարունակելու ենք մնալ լոկ թուրքական ապրանքներ սպառող երկիր, որ կամովին կերակրում է սեփական հակառակորդին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ