Ով ինչ ուզում է՝ ասի, բայց Սեյրան Օհանյանի քաղաքական հետագա ճակատագրի հարցը չափազանց աղմկահարույց ստացվեց, իսկ ավելի ճիշտ՝ խորհդավոր՝ անորոշության մութ շղարշով պատված: Չգիտես՝ միտումնավո՞ր, թե՞ բոլորովին պատահաբար, իրադարձությունները նրա հրաժարականից հետո սկսեցին ընթանալ այնպես, որ նույնիսկ խոշորագույն վերլուծաբանները սկսեցին ընկնել կամուկացի մեջ, թե՝ կոնկրետ ինչ ճակատագիր են նախատեսել ՀՀ նախկին ՊՆ նախարարի համար վերևներում. մերթ խոսվում էր այն մասին, որ Օհանյանին գործուղելու են ընդդիմադիր դաշտ, մերթ՝ լուրեր էին տարածվում, թե վերջինիս երաշխավորել են անցողիկ տեղ ՀՀԿ ցուցակում՝ ավելորդ արկածախնդրությունների չդիմելու, ժողովրդի նյարդերի հետ չխաղալու համար, հիմա էլ՝ դատելով նույն մամուլում շրջանառվող լուրերից, առաջիկայում, երբ տեղի կունենա Վիկտոր Դալլաքյանի կուսակցության հիմնադիր համագումարը, նախատեսվում է, որ այդ օրվանից սկսած՝ կուսակցության ղեկը կստանձնի Սեյրան Օհանյանը, իսկ քաղխորհրդի նախագահ կհռչակվի Դալլաքյանը՝ այլևս Սեյրան Օհանյանի գաղափարական համակիրն ու իշխանությունների կատաղի «ընդդիմադիրը»:


Պետք է նկատել, որ Սեյրան Օհանյանին ընդդիմադիրի կերպար հաղորդելու՝ իշխանությունների ջանքերը, չնայած ողջ ջանասիրությանը, խոշոր հաշվով՝ ձախողված կարելի է համարել: Միայն անհույս ինքնախաբեությամբ տարված մեկը կարող է պնդել, որ այս երկուսը՝ իշխանությունների ամենավստահելի մարդիկ, ի վիճակի կարող են լինել, ասենք, 100 հոգուց ավել մարդ տանել իրենց հետևից ու համոզել գեթ մի հոգու, որ իրական, անկաշկանդ ու գաղափարական ընդդիմություն են ՀՀԿ-ին:

Այստեղ, սակայն, խնդիրը մեկ այլ բան է. ինչպե՞ս կարելի է բացատրել այն երևույթը, երբ միանգամայն արհեստականորեն որոշում է կայացվում ընդդիմադիր դարձնել մարդկանց, որոնք զուտ ֆիզիկապես չեն կարող համապատասխանել այդ սահմանմանը, չեն կարող տեղավորվել այդ կաղապարի մեջ: Մի՞թե ոմանք, իրոք, կարծում են, թե քաղաքականության՝ որպես երևույթի, վիճակը Հայաստանում այնքան անհուսալի է, որ ինչ ցանկանան՝ կարող են անել, դաշտի հետ ինչպես ցանկանան՝ կարող են վարվել: Որևիցե մեկն իրեն հարց  տվե՞լ է արդյոք, թե վերոհիշյալ երկու դերակատարները վաստակե՞լ են իրավունք՝ հանդես գալու ընդդիմադիր դիրքերից, արդյոք բավարար չափով ինքնամաքրվա՞ծ են, որպեսզի իրենց իրավունք վերապահեն ներկայացնելու հասարակության գերակշիռ հատվածի շահերը, դառնալու նրանց կենսական պետքերի արտահայտիչը՝ դաշտում:

Հարցերը, որ այսօր ժողովուրդն ունի՝ ուղղված այս երկու գործիչներին, անկասկած, բավական շատ են, ու նույնիսկ ձեռքի բոլոր մատները բավական չեն լինի՝ հերթականությամբ ու ամբողջովին թվարկելու այն բոլոր օբյեկտիվ հարցադրումները, որ նորաթուխ ընդդիմադիրներն իրենց գործունեությամբ առաջ են բերել. սկսած ապրիլյան ողբերգական դեպքերից մինչև Դալլաքյանի բարոյական իրավունք՝ հանդես գալու, ասենք, նախագահի քննադատությամբ, ծառացած են երկու գործիչների առջև, ու նրանց միջից դժվար թե գտնվի գեթ մեկն, ով կհամկարձակվի բացեիբաց, պարզ ճակատով դուրս գալ ժողովրդի առաջ ու սպառիչ, միանգամայն փաստարկված պատասխաններ հնչեցնել կուտակված հարցերին:

Բայց իսկական տրագիկոմեդիա հիշեցնող այս ողջ պատմությունը մեկ ցավալի իրողություն է փաստում. հայաստանյան ներքաղաքական դաշտը լրջագույն գաղափարական կրիզի մեջ է: Թե ինչով սույն իրողությունը կարող է պայմանավորված լինել, թերևս, այնքան էլ դժվար չէ կռահել. համաժողովրդական հիասթափվածությունը, քաղաքական ուժերի՝ իրականությունից կտրված լինելը, ժողվրդի նկատմամբ որդեգրած անտարբերության քաղաքականությունը մեր երկրում վերածվել են իսկական թատրոնի, ուր չկա գաղափար, պայքար, տեսլական. արդյունքում՝ Դալլաքյան- Օհանյան քաղաքական դաշինք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ