«Աշտարակ-կաթ» ընկերությունը շարունակելու է իր բնականոն աշխատանքը: Ընկերությունը թե՛ որակային, թե՛ գնային առումներով ոչ մի փոփոխություն չի կրելու,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը:

 

«Այժմ փորձում ենք շուկայում վերականգնել այն դիրքը, որն ունեցել է «Աշտարակ-կաթ»-ը՝ նախկինում: Արտադրում ենք որակյալ ապրանք, և վերականգնում ենք ապրանքատեսականին»,- ասաց Արտակ Ավագյանը և հավելեց, որ առողջացման ծրագրի առաջին կարևոր քայլերից մեկն էլ դա է:

 

Այն դիտարկմանը, թե որքանով է հավանական, որ ընկերությունը կաշխատի նույն ծավալներով, ծրագրի ղեկավարը պատասխանեց՝ «եթե հավանական չհամարենք, ուրեմն անելիք չուենք: Ամեն գնով պետք է հասնենք նրան, որ աշխատենք նույն ծավալներով, մի բան էլ ավելին»:

 

Մեր այն հարցին, թե արդյոք մարվե՞լ է աշխատակիցների կուտակված աշխատավարձերը, Արտակ Ավագյանը պատասխանեց. «Հին աշխատավարձերի խնդրով զբաղվում է «Աշտարակ-կաթ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ փորձելով լուծել հին աշխատավարձերի խնդիրը՝ հին ապառիկները խանութներից հավաքելու միջոցով»:

 

Խոսելով ընկերության արտադրանքի արտահանման ծրագրերի մասին՝ Արտակ Ավագյանը նշեց, որ դեռևս վաղ է խոսել այդ մասին:

 

«Նախկին բազայից ունենք ինֆորմացիա, որ հիմնականում պանիր է արտահանվել: Այժմ պանրի արտադրամասում արտադրվում է «ռոքվոր»՝ կապույտ պանրի տեսակը, սակայն նորից պետք է վերափոխվի տեսականին, սկսենք արտադրել «Լոռի» տեսակը, որպեսզի կարողանանք արտահանումներ իրականացնել,- ասաց առողջացման ծրագրի ղեկավարը և հավելեց,- քանի որ պանիրն արտադրվում է աշնան, ամռան ամիսներին, այժմ այդ մասին խոսելը դեռ շուտ է»:

 

Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե «Աշտարակ-կաթ» ընկերությունը որ երկրների հետ կհամագործակցի: Դա պարզ կլինի միայն առողջացման ծրագրի նպատակներին հասնելուց հետո:

 

Սոնա Հարությունյան