Ինչպես հայտնի է, օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն իր մասնակցությունն էր բերել Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով: Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից (ՀԲԸՄ)՝ իր 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

 

Աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ Հայաստանի զարգացման, ամրապնդման ու կայացման գործում հայկական սփյուռքի ունեցած դերն ու նշանակությունը պարզապես անգնահատելի է. բոլորին են հայտնի այն հսկայական օգնություններն ու ներդրումները, որոնք իրականություն չէին կարող դառնալ, եթե չլիներ սփյուռքի օժանդակությունը՝ Հայաստանին: Անկասկած է՝ մի բան է Հայաստանն՝ առանց սփյուռքի, և բոլորովին այլ բան՝ սփյուռքով. տարբեր քաշային կատեգորիաներում են գտնվում այս երկուսը, ու սրանում կասկածելը միայն պարզ չիմացության ու իրերից անտեղյակ լինելու արդյունք կարող է հանդիսանալ:


Հարցը, թե որքանով է այս ճշմարտությունը լիովին գիտակցված մեր իրականությունում, ցավոք, շարունակում է դեռևս օդում կախված մնալ, քանի որ դատելով Հանրապետությունում սահմանադրորեն երրորդ դեմք, իսկ դե ֆակտո՝ երկրորդը հանդիսացող մարդու՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցին տված պատասխանից, կարելի է ասել, որ այդ հարաբերությունների ունեցած պոտենցիալն ամբողջությամբ մեզանում դեռևս չի գիտակցվում, չի կարևորվում. Կարապետյանը, խոսելով թեմայի շուրջ, արտահայտել էր այն միտքը, թե սփյուռքն առանց Հայաստան չի կարող գոյություն ունենալ, իսկ ահա Հայաստանն առանց սփյուռք՝ կարող է:


Թե հատկապես ինչ «մեսիջ» էր ցանկանում հղել վարչապետ Կարապետյանն, ըստ էության՝ զրոյացնելով սփյուռքի իմաստն ու նշանակությունը Հայաստանի համար, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Պետք է նկատել, որ այս միտքը ոչ միայն, մեղմ ասած, վիճելի է, այլև՝ վտանգավոր, քանի որ շրջափակման մեջ գտնվող, բառացիորեն ամեն օր սեփական գոյության համար պայքար մղող պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար չտեսնել սփյուռքի կարևորությունը կամ թերագնահատել այն, չիմանալ այն կարևորագույն առանձնահատկությունները, որ ունի Հայաստանը, կնշանակի պատկերացում չունենալ այն երկրի վերաբերյալ, որում դու զբաղեցնում ես խիստ պատասխանատու պաշտոն:


Անքննարկելի է ու հավելյալ ապացույցների կարիք երբևիցե չի զգացել այն իրողությունը, որ հայ ժողովուրդը հզոր է, գործոն է, լիակատար սուբյեկտ է միայն իր եռամիասնության պարագայում՝ Հայաստան-Արցախ-սփյուռք: Մեր առջև ծառացած կարևորագույն գերխնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, Հայաստանը ողջ հայության հայրենիքի վերածելն է, այն աշխարհասփյուռ հայության համար այդպիսին ընկալելի դարձնելը, հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունը որպես գոյության հիմք ծառայեցնելը: Ասել կուզի՝ Հայաստանն առանց Արցախի ու սփյուռքի գոյություն ունենալ պարզապես չի կարող, ինչպես և վերջիններս՝ առանց Հայաստան. այս երեքի միջև առկա փոխկախվածությունը էական է ու անքակտելի, ու ոչ ոք իրավունք չունի սեպ խրելու հայ ժողովրդի հատվածների միջև…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ