Ամեն անգամ, երբ մոտենում է մեր բազմաչարչար ժողովրդի պատմության սև էջերից մեկը դարձած Սպիտակի երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ը, կրկին անգամ արդիական է դառնում աղետի գոտու թեման, որը, ցավոք, տարվա բոլոր մնացյալ օրերին գործնականում անտեսված վիճակում է գտնվում, իսկ աղետյալ քաղաքացիների հոգսերին ու օրախնդիրներին շատ քչերն են, առհասարակ, հաղորդ դառնում:

 

Թե ինչպես կարող էր պատահել, որ նույնիսկ այս զարհուրելի աղետից 28 տարի անց դեռևս «աղետի գոտի» հասկացությունը նույնքան կենսունակ արդիական լինի, որքան աղետի առաջին օրերին էր, այդպես էլ բանական մարդու համար, անկեղծ ասած, հասկանալի չի դառնում. աշխարհում դժվար կարող է գտնվել ևս մեկ երկիր, ուր բնական աղետից գրեթե երեք տասնամյակ անց դեռևս լիովին վերացված չլինեն այն հետևանքները, որ աղետը տասնամյակներ առաջ թողել էր իրենից հետո:


Որքան էլ անհավանական հնչի, Հայաստանում, ցավոք, դեռևս հազարավոր ընտանիքներ շարունակում են բնակվել չարաբաստիկ «դոմիկներում», դեռևս շարունակում են բառացիորեն աղետյալ մնալ մի երկրում, ուր իշխող էլիտաների ֆինանսական կարողություններին ու այլևայլ հնարավորություններին, պարզապես, սահման չկա, ուր գրծունեություն ծավալող քաղաքական ուժերն օրուգիշեր ժողովրդի անունով են երդվում, ուր քաղաքական դեմագոգիան այն աստիճան է զարգացել, որ նույնիսկ ամենաաննշան քաղաքական դեմքերի ելույթներից այնպիսի տպավորություն ես ստանում, թե հենց իրենց մեջ է ամփոփված հայ ժողովրդի փրկությունն ու պայծառ ապագայի հրաշք տեսլականը…


Բայց աշխարհացունց աղետը միայն նյութական կամ մարդկային կորուստներ չէ, որ պատճառել է Հայաստանին. աղետը բավական խոր հոգեբանական բացասական ազդեցություն է թողել հատկապես ոչ քաղաքաբնակ բնակչության վրա ու մարդկանց մեջ ձևավորել ուզվորության հոգեբանություն:Իհարկե, պետք է նկատել, որ այս խնդրում պակաս մեղավորություն չունի պետությունն՝ ինքը, քանի որ փոխարենը թիկունք կանգնելու աղետյալներին, կամ, առհասարակ, ծանր վիճակում գտնվող մարդկանց, նրանց շարունակաբար պահել ու պահում է բարեգործությունից կախյալ վիճակում ու կարթ տալու փոխարեն՝ առատ սեղաններից փշրանքներ է շպրտում նրանց առաջ ու դրա հաշվին իր համար քաղաքական ռեյտինգ վաստակում, ընտրություններին ձայներ գնում ու գործի դնում այն արատավոր մեխանիզմը, որ հազար երկրաշարժից էլ ավելի աղետալի է, որ քայքայում է պետությունը ներսից, դեգրադացնում հասարակությունը:


Անհերքելի է՝ այն իրավիճակը, որը ներկայում տիրում է աղետի գոտում ու որի հանգուցալուծումն այդպես էլ հորիզոնում չի նշմարվում (այս հասկացությունը, այնպիսի տպավորություն է, որ հավերժական է դարձել մեր առօրյա բառապաշարում), արդյունք է բացառապես հասարակության տարբեր շերտերի, խավերի միջև բացակայող սոլիդարության, էլիտաների՝ ժողովրդից ու, առհասարակ, հայաստանյան դաժան իրականությունից կտրված լինելու: Աղետյալները ոմանց համար դարձել են անփոխարինելի գործիք՝ խոստումներ շռայլելու, քաղաքական դիվիդենտներ քաղելու, սեփական նպատակներին հեշտորեն հասնելու. ցավալի, բայց անհերքելի իրողություն:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ