Չնայած Հայաստանի որևիցե կառավարություն երբևիցե սեփական կազմի մեջ մտնող նախարարությունների քանակական պակասի խնդիր չի ունեցել, ու բազում են այն գերատեսչությունները, որոնց տնօրինության տակ են գտնվում պետության կյանքին վերաբերող գրեթե բոլոր ոլորտները, սակայն քիչ են այն նախարարությունները, որոնց գործունեությունն ուղղակի առանչություններ ունի պարզ, հասարակ քաղաքացու հետ. այդ քչերից մեկն էլ, անկասկած, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ:
Ասատրյանն այս պաշտոնում հաստատվել է դեռևս տարիներ առաջ՝ 2012-ին, երբ ՀՀ վարչապետն էր Տիգրան Սարգսյանը: Մասնագիտությամբ տնտեսագետ Ասատրյանը, փաստորեն, այն բացառիկներից է, ում հաջողվել է անձեռնմխելի մնալ երեք վարչապետների օրոք էլ՝ վայելելով, ըստ էության, բոլորի աներկբա վստահությունը:
Այն, որ Հայաստանում, որպես կանոն, չինովնիկների աշխատանքային կարիերայի առաջխաղացման հարցում նրանց ցույց տված աշխատանքային արդյունքներն ամենևին էլ առաջնային դերակատարություն չեն ունենում, առանձնապես նորություն չէ. մեզանում քիչ չեն այն պաշտոնյաները, որոնք, չնայած իրենց ոլորտներում տիրող աղետալի վիճակին ու ցույց տված խիստ ցածր արդյունավետությանը, շարունակում են անձեռնմխելի մնալ ու տարիներ շարունակ վայելել կյանքի բարիքները:
Հարց է առաջանում. մի՞թե Արտեմ Ասատրյանի՝ 4-5 տարիների աշխատանքային գործունեության արդյունքներն այնպիսին են, որոնք թույլ են տալիս Կարապետյանի ներկայիս կառավարությունում հնաբնակի համարում ունեցող անձնացից մեկին՝ տարիներ շարունակ «չիջնել ձիուց»՝ մնալով, ինչպես ասում են, թրենդային: Իսկ այս հարցի ճշգրիտ ու անաչառ պատասխանը գտնելու համար, պարզվում է՝ հարկավոր է ընդամենը աչքի անցկացնել Ասատրյանի «խնամքի» տակ գտնվող համապատասխան ոլորտի գրանցած արդյունքներն ու համոզվել՝ այս տարիների ընթացքում խնդիրները ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են. միայն խնամքի կենտրոններում՝ որբանոցներում ու ծերանոցներում ներկայում տիրող անբարեհույս վիճակը բավարար է, որպեսզի հնարավոր լինի համարձակորեն հայտարարել՝ նախարար Ասատրյանը տապալել է իր առաքելությունը, այն է՝ սոցիալապես անապահով ու խոցելի խավերի հանդեպ պետության կողմից տարվող հոգածության համակարգումը:
Անկասկած, շատ բան կարելի էր տալ, որպեսզի մեզանում որբանոցներ ու ծերանոցներ չլինեին: Բայց ինչպես աշխարհի բոլոր երկրներում, մեզանում ևս, ցավոք, այդպիսի հաստատությունների կարիքը դեռևս զգացվում է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ համապատասխան պետական գերատեսչությունն ի սկզբանե պարտավորված է պատշաճ ուշադրություն դարձնել խնամատար հաստատություններին, ինչը, սակայն, այսօրվա դրությամբ, փաստացի, չի արվում:
Հայաստանի որբանոցներում տիրող անբարեհույս իրավիճակը, բացի զայրույթից ու զարմանքից, ոչ մի այլ զգացողություն որևէ նորմալ մարդու մոտ չի կարող առաջացնել: Այն բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, տոտալ անտարբերությունը, որ իշխող են Հայաստանի գրեթե բոլոր խնամքի կենտրոններում, առաջ են բերում հարցեր, որոնց Արտեմ Ասատրյանն այսօր որևիցե պատասխան չունի: Խնդիրները հատկապես զգալի են երկրի որբանոցներում, ուր երեխաներին վերաբերվում են շատ վատ, պատշաճ դաստիարակություն չի իրականացվում, իսկ որբերն էլ գտնվում են անկումային վիճակում: Մինչդեռ պետք չէ մոռանալ, որ այս երեխաները նույնպես հասարակության վաղվա լիարժեք անդամներն են, որոնց՝ մանկության տարիներին ստացած դաստիրակությունն ու նրանց հանդեպ համապատասխան օղակների ցուցաբերած վերաբերմունքն, իրենց հետքն են թողնելու նրանց հետագա կյանքի ողջ ընթացքի վրա. որբանոցներում տիրող վիճակից են շատ առումներով կախված՝ խնամքի տակ գտնվող երեխաների ապագա հոգեկերտվածքն ու ունեցած արժեհամակարգի էությունը:
Հետաքրքիրն այն է, սակայն, որ այս ամենի համապատկերում երբեմն որոշ պաշտոնյաներ բարձրագոչ ելույթներ են սկսում հնչեցնել մատաղ սերնդի հանդեպ պետության ունեցած պարտավորությունների և այլ ամպագորգոռ բաների մասին՝ մոռանալով, որ իրականում այսօր հենց պետությունն է, իսկ ավելի ճիշտ՝ պետական համապատասխան օղակն է անտարբերության մատնել նրանց, ովքեր ամենաշատն են զգում օգնության, պետական համակարգված օժանդակության կարիք. պոպուլիզմն էլ պետք է մի փոքր բարոյական լինի, համաձայն չե՞ք…
Այնպես որ՝ ուզած-չուզած, պետք է խոստովանել՝ Արտեմ Ասատրյանի երկարակեցության գաղտնիքն ամենևին էլ թաքնված չէ նրա ցույց տված արդյունքների հետ. ոլորտում տիրող իրավիճակն, ինչպես միշտ, անբարեհույս է, որ արդյունք է ամենաթողության ու անտարբերության:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ