Վերջերս հնչեցին հայտարարություններ՝ ռուսաց լեզվին դպրոցներում հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ, բազմաթիվ եղան քննարկումները, քննադատությունները, հերքումները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հարցի առնչությամբ գրավոր հարցման տեսքով դիրքորոշում էր խնդրել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից, սակայն պատասխանը ստացանք նախարարի երկարատև դեգերումներից հետո:
Ստորեւ ներկայացնում ենք պատասխանն՝ ամբողջությամբ.
«ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, մեր գոյության արմատը, մեր մշակույթի հիմնասյունը, իսկ պաշտոնական լեզուն՝ գրական հայերենն է, և մենք պարտավոր ենք պահել, պահպանել հայոց լեզուն և փոխանցել սերունդներին, առավել ևս, համաձայն ՀՀ «Լեզվի մասին օրենքի՝» պաշտոնական մակարդակներում խոսել և գրել հայերեն:
Իսկ Սփյուռքում՝ ինչպես սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանն է բանաձևել.«Հայ լեզուն տունն է հայուն», այն հայ ինքնության առհավատչյան է: Եվ մեր դպրոցներում պետք է մայրենի լեզվի ուսուցումը լինի ամենաբարձր մակարդակի վրա:
Ինչ վերաբերում է այլ լեզուների իմացությանը, ինչ խոսք, այսօրվա համաշխարհայնացման պայմաններում, խաչաձևվող մշակույթների հորձանուտում, երբ և՛ իրական, և՛ վիրտուալ աշխարհում ջնջվում են բոլոր սահմանները՝ առավել քան արդիական է Աբովյանի մոտեցումը՝ «Որքան լեզու գիտես՝ այնքան մարդ ես»:
Առանց 1-2 օտար լեզուների իմացության՝ այսօր անհնար է ինտեգրվել համաշխարհային զարգացումներին, լինել պահանջված բարձրակարգ և մրցունակ մասնագետ: Ռուսերենի իմացությունը շատ կարևոր է մեր երիտասարդության համար, մանավանդ, որ ճակատագրի բերումով՝ մենք Ռուսաստանի իետ ունենք ընդհանուր պատմություն, ամուր բարեկամություն, մշակութային ընդհանրություններ և այժմ էլ անդամակցում ենք ԵՏՄ-ին: Ինչ վերաբերում է ռուսերենի խորացված ուսուցմանը, ապա բոլոր լեզուներն էլ, դպրոցն ավարտելիս՝ շրջանավարտը պետք է տիրապետի: Հետևաբար անհրաժեշտ է բարելավել օտար լեզուների ուսուցման մեթոդիկան»,-ասված է մեզ ուղարկված նամակում:
Մեր երկրորդ հարցին, որով հետաքրքրվել էինք՝ եթե ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տրվի, արդյոք դա չի՞ խանգարի նախարարին հայապահպանության զարգացման գործում, նախարարը պատասխանել է.
«ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն հայտարարել է, որ երկրորդ լեզվի հարց չի քննարկվում, այդ մասին իր ելույթում ասել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Հայապահպանությունը Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություններից մեկն է, հայոց լեզվի տարածումը Սփյուռքում, եղել և մնում է մեր նախարարության գերակա խնդիրներից մեկը, որի լուծման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ գիտաժողովներ, դասագրքերի ստեղծում, ուսումնական, մեթոդական գրականության, ուսումնաօժանդակ նյութերի առաքում(տարեկան 50 000 կտոր), ուսուցիչների վերապատրաստում, նոր մեկօրյա դպրոցների ստեղծում, հայոց լեզվի արագացված դասընթացի կազմակերպում և այլն:
Նախարարության հայապահպանությանն ուղղված աշխատանքները գնալով ավելի են համագործակցությունը և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի կրթօջախների, գիտական կենտրոնների, անհատ մասնագետներ հետ շարունակվում է»:
Հ.Գ. Այս պաթոսախեղդ պատասխանում բացակայում է տիկին նախարարի դիրքորոշումը՝ կոնկրետ հարցադրման վերաբերյալ, երկու շաբաթ շարունակ հարցին պատասխանելուց խուսանավումից հետո Սփյուռքի նախարարությունն այդպես էլ չասաց՝ կո՞ղմ է ռուսերենին հատուկ կարգավիճակ տալուն, թե՞ ոչ: Ինչո՞վ է պայմանավորված դա: Գուցե խնդիրը հենց նախարարի կամ իր մամուլի խոսնակի մե՞ջ է:
Արմինե Եփրեմյան