Խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցության հայտ է ներկայացրել նաև ՀՀ մշակույթի նախարար Հրանուշ Հակոբյանի բարեկամուհին՝ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:
Մտադրությունը կա, սակայն տիկին Հակոբյանն անկեղծանում է՝ թե՛ փաստացի, թե՛ իրավաբանորեն՝ ոչինչ արված չէ, ինքն էլ անկուսակցական է և դեռևս չի կարող ասել՝ որ կուսակցության ցուցակում կհայտնվի:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, թե քաղաքական գործունեությամբ զբաղվելը որքանո՞վ կազդի իր մանկավարժական գործունեության վրա, Ռուզաննա Հակոբյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ տրված իրավունքով՝ ինքը կարող է և՛ կրթական, ստեղծագործական աշխատանք իրականացնել, և՛ քաղաքականությամբ զբաղվել. «Ես եղել եմ դասախոս, շարունակում եմ լինել, և երբևէ մտադիր չեմ դադարեցնել իմ ուսանողների հետ աշխատանքը»:
Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունի ընտրազանգվածից և ի՞նչ ծրագրով է ներկայանալու գավառցիներին, Ռուզաննա Հակոբյանը դեռ չի կարող ասել, բայց վստահեցնում է՝ սիրում է իր ծննդավայրը՝ Գավառը, իր ժողովրդին, և որպես դասախոս՝ գավառցիների խոնարհ ծառան է:
Հարցին, թե ինչպես են ընտանիքի անդամները, մասնավորապես՝ նախարար Հրանուշ Հակոբյանը և «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը վերաբերվում իր՝ քաղաքականություն մուտք գործելու որոշմանը, Ռուզաննա Հակոբյանը շեշտեց, որ իրեն քաղաքական գործիչ չի համարում, ուղղակի մասնակից է, իսկ հարազատները, ինչպես ցանկացած հայ ընտանիքում, աջակցում են:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Խաչանուշ Հակոբյանն էլ ասաց, որ Ռուզաննա Հակոբյանի որոշմանը նորմալ է նայում. «Նա ակտիվ կին է և այդ շրջանում անհայտ մարդ չէ, եթե նա այդպես է որոշել, ուրեմն միայն ուրախ է»: