2017թ. շուտով կես կլինի, բայց ՎՊ պաշտոնական կայքէջում նույնիսկ տարվա ընթացքում իրականացված ստուգումների մասին ընթացիկ հաշվետվություններ տեղադրված չեն: Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զեկույցը 6-րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում դեռ չի հայտնվել, բայց հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում: Հաշվետվությանը կազմվել է 2017 թվականին, իսկ ստուգումներն իրականացվել են 2016-ի սկզբից՝ դեռևս ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ:
2016 թվականի տարեկան զեկույցում բավականին լայն անդրադարձ է կատարվել Սփյուռքի նախարարությունը: Մասնավորապես, Վերահսկողությունն իրականացվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պետական բյուջեի ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ, ինչի արդյունքում բացահայտվել են մի շարք աղաղակող խախտումներ և չարաշահումներ: Մասնավորապես, 2015 թվականին «Այլ վարձատրություններ» հոդվածի միջոցների հաշվին 3,958.3 հազ. դրամով պարգևատրվել են Նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները, որոնց պարգևատրումը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն կարող էր կատարվել միայն «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին: Ուսումնական գրականությունը պահեստավորելու համար Նախարարության և «Զանգակ-97» ՍՊԸ միջև 1,500.0 հազ. դրամ արժեքով պայմանագիրը կնքվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածների պահանջների խախտումով` վարձատուն ընտրվել է առանց մրցույթ անցկացնելու` բանակցային ընթացակարգով առանց հայտարարություն հրապարակելու գնման ձևով: Առաջին հայացքից թվում է, թե խախտումները ճակատագրական չեն, սակայն իրականում հենց նման խախտումների հանրագումարն է խոսուն կերպով վկայում համակարգում առկա խորքային խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի մասին:
Եվ այս խախտումները բացահայտվել են մի նախարարությունում, որը իր ողջ գոյության ընթացքում ապացուցեց, որ անիմաստ կառույց է: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաանհեթհեթ ու անիմաստ երևույթներից մեկը իրապես Սփյուռքի նախարարությունն է։ Ցանկացած նորմալ երկրում այն ֆունկցիաները, որոնք կատարում է Սփյուռքի նախարարությունը, կարող էր կատարել ԱԳՆ-ի մի վարչություն, որը կզբաղվեր հենց սփյուռքի հարցերով։ Սակայն քանի որ մեր երկրում ԱԳՆ-ն ոչնչով չի զիջում իր անարդյունավետությամբ նույն Սփյուռքի նախարարությանը, որոշվեց կոֆե խմողների նոր նախարարություն բացել, համ էլ լա՜վ ատկատ-մատկատ ա ֆռում։ Դրա համար էլ, այսօր Հրանուշ Հակոբյանին, որ հարցնում են՝ ի՞նչ են տալիս Հայաստան-Սփյուռք համաժողովները, ասում է դե գիրք գրեցինք, որի մեջ գրեցինք, թե մարդիկ ինչ են ասել այլ համաժողովներին, մարդիկ եկան իրար տեսան, Հայաստանը տեսան... Տիկին Հրանուշ, ձե՞ռք եք առնում։ Ինչ որ բրոշուր տպելը ներկայացնում եք, որպես մեծ հաղթանակ... Ընդհանրապես, կարո՞ղ եք հասկանալի ու սպառիչ պատասխան տալ ու նկարագրել ԳՈՆԵ 5 իրոք դրական ու իրոք արժևոր բան, որ տվել է ձեր նախարարությունը իր գոյության տարիների ողջ ընթացքում՝ խախտումներից և չարաշահումներից զատ իհարկե: Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ, ասենք, մշակույթի նախարարությունը ջահելներին «տուն կանչել» չէր կարող կամ, ասենք, օրինակ, Սոցապ և աշխատանքի նախարարը Սինգապուրի 30 հոգանոց հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ավելի վատ կնայվեր:
Հիմա էլ իշխանությունները հայտարարում են, թե Սփյուռքի նախարարության ֆինանսավորումը պետք է ավելացվի, քանի որ հայրենադարձության կազմակերպումն էժան գործ չէ: Լավ, այս մարդկանց էլ ո՞նց բացատրես, որ հայրենադարձությունը համոզելով չի արվում, որ երկրում պիտի այնպիսի սոցիալական ու տնտեսական միջավայր ստեղծել, որ մարդիկ իրենց կամքով դեսպանների ու հյուպատոսարանների դռները սկսեն կոտրել, թե բա՝ մեզ Հայաստան գնալու հնարավորություն տվեք: Պիտի տարատեսակ բանկա-բութուլկեքի բերաններն էնպես ձգես, որ դրսից եկածն իմանա, որ չի քցվելու: Կա՞ն այդ պայմանները: Իհարկե ոչ: Իսկ եթե չկան, ապա ու՞մ համար է Սփյուռքի նախարարությունը: Քանի՞ սփյուռքահայ գիտենք, որ հենց այդ կառույցի շնորհիվ կամ ջանքերով է եկել Հայաստան բնակվելու: Չկա նման մեկը: Ու, հետևաբար, «վա՜յ, Սփյուռքը մեզ համար էնքան կարևոր ա» հուզաթաթախ տեքստերից պետք է մեկընդմիշտ հրաժարվել ու արժանապատիվ գոյության հնարավորություններ ստեղծել նախևառաջ հայաստանաբնակների համար: Իսկ երբ այդ պայմանները լինեն, հավատացած եղեք, սփյուռքահայերին ո՛չ համոզելու, ո՛չ էլ դրա համար նախարարություն պահելու կարիք չի լինի:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ