2017 թվականի նոյեմբերի 5-ին Գորիսում քաղաքապետի հույժ մրցակցային արտահերթ ընտրություններում գրեթե 100 տոկոսանոց արդյունք ապահոված Առուշ Առուշանյանի հետ ՀՀԿ-ն մեծ հույսեր էր կապում: Երիտասարդը ներկայացվեց իբրև ՀՀԿ նոր ոգու, սերնդափոխության առաջամարտիկ և պաշտոնը ստանձնելիս ամպագոռգոռ խոստումներ հնչեցրեց, չմոռանալով սրտնեղել նախորդներից, թե բա՝ «ավերակացս ում թագավորեմ»...
 
«Ավերակների» ֆոնին դառնալով քաղաքապետ՝ Առուշանյանը «սպառնում» էր Գորիսը նորից դարձնել միասնական, արագորեն զարգացող համայնք, որում ամեն ոք ունի աշխատելու, ստեղծագործելու և բարկեցիկ ապրելու հնարավորություն: Չգիտենք՝ ի ուրախություն, թե ի ցավս գորիսեցիների՝ «սպառնալիքներն» այդպես էլ թղթի վրա մնացին: Քաղաքապետի ֆեյսբուքյան և քաղաքապետարանի պաշտոնական կայքեջերից տպավորություն է ստեղծվում, որ Առուշանյանի համար քաղաքի զարգացման գլխավոր ուղին կանաչապատումն է: Եվ դեռ հարց է՝ որքան գումար է ծախսվում գորիսյան սարերի կանաչը էլ ավելի փարթամացնելու համար: 
 
Գորիս համայնքն ունի ինտերնետային կայք, որտեղ 2013թ.-ից հետո բյուջեի մուտքերի և ծախսերի մասին որևէ տեղեկատվություն չկա: Հաշվետվություններ չեն հայտնվում նաև տեղեկատվական ցուցանակների վրա, թեև բյուջեն հրապարակելը Տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջն է: Չնայած համայնքային միջոցառումների մասին օպերատիվ կերպով նորություններ են տեղադրվում, սակայն որևէ ֆինանսական փաստաթուղթ հասանելի չէ այն մասին, թե այդ միջոցառումների կազմակերպման համար որքան գումար է ծախսվում և որքանով են նպատակային օգտագործվում համայնքի միջոցները:
 
ՀՀԿ սերնդափոխության դրոշակակիրը կարծես թե պարծենալու առանձնահատուկ առիթներ չունի: Ակնհայտ է, որ բիզնեսն իրեն չի պատառոտում Գորիսում ներդրումներ անելու համար. նոր քաղաքապետի կառավարման ողջ ընթացքում չի մեկնարկել գեթ մեկ խոշոր շինարարական ծրագիր, անգամ համահայաստանյան թրենդ դարձած էլիտար շենքերի կառուցման մոլուցքը ոչ մի կերպ Գորիս չի հասնում:Հակառակ պարագայում՝ Առուշանյանի ֆեյսբուքյան էջից շատ ավելի զգալի և շոշափելի գործերի մասին կտեղեկանայինք, քան հուշարձանի բացումը, տոների առիթով տեսախցիկները շալակած բակից բակ անցնելը, և իհարկե՝ Գորիսի զարգացման գլխավոր տեսլականը՝ կանաչապատումը: Թերևս հենց սա է Առուշանյանի գլխավոր ձեռքբերումը պաշտոնը ստանձնելուց ի վեր...
 
Ստելլա Խաչատրյան