Օրերս, երկար լռությունից հետո, իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա լրագրողների հետ խոսել էր տարբեր հարցերից, քաղաքական գործընթացներից եւ անդրադարձել նաեւ Գորիսում՝ նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքապետի արտահերթ ընտրությունների թեմային: Մասնավորապես, անդրադառնալով Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի  վերաբերյալ հարցին, Սուրիկ Խաչատրյանը նշել էր. «Գորիսը, թեկնածուների առումով՝ նման տառապյալ փորձ ունեցել է նաև սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին-նշանակեցին քաղխորհրդի նախագահ»: Եվ վերջում էլ՝ լրագրողի ճշտող հարցին՝ չի՞ աջակցի Առուշ Առուշանյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է կարճ ու միանշանակ. «Իհարկե՝ ոչ»:
 
Սուրիկ Խաչատրյանի այս հայտարարություններից մի քանի օր անց՝ Առուշանյանն ի վերջո որոշել է պատասխանել իր հասցեին հնչած դիտարկումներին, թերևս չկամենալով ընկրկել իր ներկայիս քաղաքական կշռին չհամապատասխանող քաղաքական ամբիցիաներից: Առուշանյանը, մասնավորապես, հայտարարել է՝ «Խաչատրյան Սուրիկը ունեցել է աշխատելու շատ ժամանակ ու հնարավորություն: Թե որքանով է կարողացել իրեն արդարացնել, գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ»: Ի՞նչ է նշանակում «նախկին մարզպետ» գնահատականը՝ երևի թե կդժվարանա բացատրել անգամ ինքը՝ Առուշանյանը, ինչպես և կդժվարանա բացատրել, թե իր գրանցած ո՞ր հաջողությունների համար պետք է արժանանար Խաչատրյանի աջակցությանը: Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կասկածելի տրամաբանությամբ՝ եթե նախկին ես, ուրեմն վատն ես: Մինչդեռ Առուշանյանը պետք է որ տեղյակ լինի՝ զբաղեցրած պաշտոնը հավերժական չէ, և մի օր ինքն էլ է հանգրավանելու նախկինների շարքում: Ի դեպ՝ հաշվի առնելով գորիսեցիների հակասական վերաբերմունքը Առուշանյանի անձի հանդեպ՝ այդ օրն ավելի քան մոտ է: Հետևաբար, քաղաքական գնահատականներ հնչեցնելիս՝ Առուշանյանը շատ ավելի ուշադիր պետք է գտնվի, և ի վերջո, եթե նրա համարձակությունը չի ներում ադեկվատ գնահատականներով հակադարձել Սուրիկ Խաչատրյանի կոշտ դիտարկումներին, գուցե իր համար ավելի նպատակահարմար կլիներ ընդհանրապես չխախտե՞լ լռությունը և չխայտառակվե՞լ: Առուշանյանի պահվածքն ընդամենն ապացուցում է, որ «նախկին մարզպետ» Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը Սյունիքում այնքան մեծ է, որ ներկա քաղաքապետերը շահագրգռված են չփչացնել, պահպանել վերջինիս հետ իրենց հարաբերությունները:
 
Ստելլա Խաչատրյան