Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվեց: Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: Հիշեցնենք, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 18-ին ավագանու անդամների ներկայությամբ ծեծել էր ավագանու անդամ Լյովա Արզանյանին. միջադեպին նախորդել է վիճաբանություն Ներքին Խնձորեսկի խնդիրների, ինչպես և համայնքում վաճառված հողերի շուրջ:
Գորիսի քաղաքապետը հաճախ է բողոքում հին բարքերից և առիթը բաց չի թողնում նշելու, որ իր քաղաքապետ դառնալուց հետո Գորիսում իրավիճակ է փոխվել: Իրականում իրավիճակը փոխվել է անձամբ Առուշանյանի համար: Նա և նրա հայրը, ինչպես երևում է, շատ արագ հարմարվել են նոր՝ փոփոխված իրավիճակին ամեն կերպ հաճոյանալով նոր իշխանություններին:
Առուշանյանն անգամ հայտարարեց, որ մտածում է ՀՀԿ-ից դուրս գալու մասին, այն նույն ՀՀԿ-իցն որի նոր ոգին էր համարվում ընդամենը մեկ տարի առաջ, իսկ այսօր արդեն լքում է կործանվող նավը: Միգուցե հենց այդ քայլի շնորհիվ է, որ Առուշանյանը ի տարբերություն մի շարք այլ քաղաքապետերի, որոնք այս ընթացքում հրաժեշտ են տվել իրենց զբաղեցրած պաշտոններին, ոչ միայն պահպանեց աթոռը, այլև հաջողացնում է ջրից չոր դուրս գալ մի երևույթի համար, որը, ըստ էության, «Նոր Հայաստանում» պետք է ամենամերժելին լիներ:
Նախորդ համակարգին բնորոշ իներցիայով է շարժվում նաև ոստիկանությունը: Փաշինյանը հաճախ է կրկնում, որ նոր Հայաստանում հնի հոռի բարքերը այլևս ընդունելի չեն և ով գնա այդ ճանապարհով՝ դառնալու է իր անձնական թշնամին: Բայց արի ու տես, օրը ցերեկով ավագանու անդամների աչքի առաջ մարդ ծեծելը հանցակազմ իր մեջ չի պարունակում՝ ոչ ասֆալտին են փռում, ոչ պատեպատ են տալիս, ավելին՝ գործը ջրում են և մի կողմ քաշվում...
Ս. Խաչատրյան