«Նաիրիտ» գործարանը շտապ, անհապաղ սնանկ ճանաչելուց հետո, որոշում է կայացվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին: ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 2017 թվականի փետրվարի 14-ին: Գործարանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կարեն Ասատրյանը: Պարտատերերի ժողովի նշանակումը փոքրացնում է գործարանն առողջացնելու այն փոքր հույսը, որն ունեն նաիրիտցիները և գործարանով մտահոգ մարդիկ:
«Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելուց անմիջապես հետո տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, որ սա արվում է գործարանը առողջացնելու համար, բայց փաստերն այլ բանի մասին են վկայում: Պարտատերերի ժողովի ընթացքում այն բոլոր կառույցները, անհատները, որոնց «Նաիրիտ»-ը պարտք է, մեկտեղում են պարտքերը և ամեն ինչ թողնում գործարանի վրա: Ոչ ոք չի կարող ասել, որ սա արվում է գործարանն առողջացնելու համար: Հակառակը, սա արվում է գործարանը վերջնականապես փակելու համար, քանի որ եթե առողջացնելու նպատակ լիներ, ապա նման ժողով չէր գումարվի: Նշենք, որ «Նաիրիտ»-ը, բացի ՀԷՑ-ի՝ 2,5 մլն դոլարից, շուրջ 100 մլն դոլարի պարտավորություն էլ ունի «Գազպրոմ Արմենիա»-ի, Երևանի ՋԷԿ-ի, ՊԵԿ-ի և այլ ընկերությունների նկատմամբ: Եվ փոխանակ այդ գոյացած պարտքերի իրական պատմությունը պարզելու համար քրեական գործ հարուցեին, պարզեին՝ որն է արհեստական, ուռճացված, որը՝ ոչ, ՀՀ իշխանությունները գնում են Հայաստանի երբեմնի հսկա գործարանը վերջնականապես թաղելու և մեղավորներին պարտակելու ճանապարհով:
Այս ժողովը մեկ նպատակ ևս հետապնդում է. այնպես անել, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից հայտարարված մրցույթը չկայանա, ներդրողներն առաջարկներ չներկայացնեն և հարցն իրենց ձեռնտու ճանապարհով փակեն: Սակայն, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը չի պատրաստվում նահանջել: Նա չի հրաժարվում «Նաիրիտ» գործարանի վերագործարկման իր ծրագրից և պատրաստվում է մոտ օրերս ներկայացնել մրցույթի շրջանակում իր առաջարկը: Ի դեպ՝ Աշոտ Գրիգորյանն, ավելի վաղ, մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ գործարանի սնանկ ճանաչելու հետևում միլիոնների թալանն է:
Պարտատերերի առաջին ժողովը տեղի կունենա 2017թ.-ի փետրվարի 14-ին, ժամը՝ 13:00-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում:
Քրիստինա Աղալարյան