Փետրվարի 25-ին, մի շարք բուհերի ուսանողներ պատրաստվում են դասադուլ հայտարարել և բողոքի ակցիա անցկացնել:
«Մենք՝ ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ: Այդ պահանջով հայտարում ենք դասադուլ»,- galatv.am-ի հետ զրույցում նշեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հարությունյանը:
Դասադուլի նախաձեռնող խմբի անդամը մեզ փոխանցեց, որ վաղը 11:30-ին ակցիայի մասնակիցները նախ հավաքվելու են Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մուտքի առջև, այնուհետ քայլելով անցնելու հարևան համալսարանների մոտով, ինչի ընթացքում, Լիլիթի խոսքով, ակցիային միանալու են նաև այդ բուհերից երիտասարդներ: Հետագա քայլերի մասին երիտասարադները նախընտրում են հայտարարել հընթացս:
Նշենք նաև, որ Լիլիթը և նախաձեռնող խմբի անդամ պետական բուհերի մյուս ուսանողները որևէ կուսակցություն չեն ներկայացնում և ծանոթացել են օրերս Ազատության հրապարակում' Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքների ժամանակ:
Սիրանուշ Հարությունյան